Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կուսակցության կողմից առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը նշեց, որ առաջարկվում է խստացնել պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց պատժամիջոցները՝ ընդհուպ ցմահ ազատազրկում:
«Խոսքը վերաբերում է թշնամու կողմն անցնելուն, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելուն կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելուն, հափշտակելու կամ պահելուն, օտարերկրյա հետախուզությանն առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելուն կամ դրանք հավաքելուն»,- ասաց պատգամավորը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «թշնամու կողմն անցնել»:
Էնֆիաջյանը պատասխանեց, որ հատկապես հետպատերազմական իրականության մեջ տարբեր հարթակներով նշվում է, որ պետական մակարդակ ունեցող պետական դավաճանություններ են տեղի ունեցել և անցանկալի դրսևորումների, որոնք վերաբերում են թշնամուն սատարելու, օգնելուն, և տվյալ անձը՝ անկախ զբաղեցրած դիրքից պետք է պատժվի՝ օրենքի ողջ խստությամբ»: