
NewsBook-ը գրում է. Օրեր առաջ «Առավոտ» օրաթերթը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ՀՀԿ-ականները խոչընդոտել են ՀՅԴ-ի քարոզարշավը: Արդյունքում քաշքշուկ է տեղի ունեցել ՀՀԿ-ականների և գյուղացիների միջև, որոնք եկել էին մասնակցելու ՀՅԴ քարոզարշավին: Տեղեկություն է տարածվել նաև, որ դաշնակների մուտքն Աշնակ խոչընդոտողները գինովցած են եղել: Լուրը որոշել է հերքել Աշնակի գյուղապետը: Նա համայնքապետարանի բլանկի վրա սեփական ստորագրությամբ գրություն է ուղարկել ԶԼՄ-ներին, որտեղ հերքել է միջադեպի մասին լուրը և հայտնել, որ իրենց գյուղում հարբեցողներ չկան:
Կայքը զրուցեց Աշնակի գյուղապետ Խաչիկ Տոնոյանի հետ, հետարքրքվեցինք դեպքի մանրամասներից:
- Պարոն Տոնոյան, նախընտրական շրջանում ինչո՞ւ են գյուղում խնդիրներ ստեղծվում կուսակցությունների համար:
- Բացարձակ ոչ մի խնդիր չի եղել: Ամեն ինչ շատ նորմալ ա, պատշաճ կերպով ընթանում ա: Շատ գոհ եմ իմ համայնքի բնակիչներից, էկող-գնացողներից, բոլորից:
- Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ո ՞ր ուժին եք սատարելու:
- Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ես անկուսակցկան եմ, բայց սատարում եմ ՀՀԿ-ին: Ես 18 տարեկանից էդ կուսակցությանն եմ աջակցում:
- Իսկ ինչո՞ւ չեք անդամակցում ՀՀԿ-ին:
- Շուտով կանդամակցեմ: Ես երկար տարիներ հավատարիմ եմ ՀՀԿ-ին: Անդրանիկ Մարգարյանի ժամանակվանից ես էդ կուսակցությանն եմ սատարում:
- ԶԼՄ-ներին ուղարկված հերքման տեքստում վստահեցնում եք, որ Աշնակ գյուղում հարբեցողներ չկան:
- Աշնակը մեծ գյուղ ա, ունի ուտող-խմող շատ մարդիկ, բայց հարբեցողներ չկան: Հարբեցողներին մենք չենք թողնում տանից դուրս գան, բայց հարբեցողներ չկան: Հարբեցողն ինքը էտի վատ բանա չէ՞: Բոլորն էլ ուտում-խմում են չէ՞, բայց որ նշվածա, թե հարբեցողներն են խնդիրներ առաջացրել, նման բան չկա: Կարող եք գալ Աշնակ, հարցումներ կատարել:
- Հերքման տեքստը Դո՞ւք եք գրել:
- Եթե կա իմ ստորագրությունը, ուրեմն անպայման ես եմ գրել:
- Տեքստում ուղղագրական և կետադրական շատ սխալներ կան: Տպավորություն է, որ գրողը հայոց լեզվին լավ չի տիրապետում:
- Կարա լինի: Հիմա պարտադի՞ր է տենց հայոց լեզվից ուժեղ մասնագետ լինեմ: Կարողա ջղայնացած եմ եղել, տենց եմ գրել: Ինչ բանա: Ինչ-որ էական նշանակություն ունի՞ դա:
- Իհարկե`ունի: Հայերենի չիմացությունը լուրջ բացթողում է:
- Չէ դե, հայերենի իմացություն կա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


