2016 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ԱԺ ներկայացրեցին հայտարարության մի նախագիծ, որով դատապարտվում էր 2014 թվականին ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախագիծը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ մտավ ԱԺ օրակարգ:
Արդեն մի քանի ամիս է, Ազգային Ժողովի մեծամասնությունը ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության անում է ամեն բան, որպեսզի ԱԺ հայտարարության այդ նախագիծը չդրվի քվեարկության: Իշխող ուժը բերում է ամենատարբեր պատճառաբանությունները, որոնք իհարկե հիմնավոր չեն և կասկածելի են դրանց դրդապատճառները:
Երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հարց բարձրացրեց, թե ինչու հարցը չի դրվում քվեարկության: Պատգամավորի հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խմբակցություն) հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է այլ, որոշակի ջարդեր: ԱԺ ղեկավարը հայտարարեց, որ ցեղասպանություն որակումը տալու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի միջազգային հանրության գնահատականը:
Իհարկե նորություն չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այս կամ այն հարցից լինելով բանից անտեղյակ: Ի գիտություն Գալուս Սահակյանի՝ պետք է նկատեմ, որ եզդիների ցեղասպանությանը իր անդրադարձն է կատարել ՄԱԿ-ը: Միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցը խոսելով եզդիների ցեղասպանության մասին հայտարարել է, որ ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր: Այս հարցով ՄԱԿ-ի փորձագետների կողմից կազմվել է զեկույց, որը կարող եք կարդալ այստեղ:
ԱՄՆ կոնգրեսը հենվելով ՄԱԿ-ի վերոնշված զեկույցի վրա քննարկման է դրել մի օրինագիծ, որը տեղի ունեցածը գանահատում է, որպես ցեղասպանություն և առաջարկում է ԱՄՆ կառավարությանը այդ դեպքերը ևս գնահատել, որպես ցեղասպանություն: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրված օրինագծի մասին կարող եք կարդալ այստեղ:
Եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է գնահատել նաև՝ 2014 թվականին դեռևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը այդ կապակցությամբ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որից հետո Իրաքի եզդիաբնակ տարածքներում ԱՄՆ զինված ուժերը հատուկ օդային գործողություններ սկսեցին՝ ցեղասպանված բնակչությանը օգնություն հասցնելու համար: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթը կարող եք դիտել այստեղ:
Եզդիների ցեղասպանության վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ նաև Կանադայի Կոնգրեսում. Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ գործողությունները գնահատում են, որպես ցեղասպանություն և հարցը դրեցին քննարկաման: Այս մասին կարող եք կարդալ այստեղ:
Պարոն Սահակյան իհարկե, եթե դուք բաց աչքերով նայեիք իրականության աչքերին, ապա այս օրինակները բերելու կարիք չէր լինի, քանի որ դուք շատ լավ պետք է տեղեկացված լինեիք, թե այդ նույն միջազգային հանրությունը ինչպես է երկակի ստանդարտներով մոտենում Հայոց մեծ եղեռին: Դուք այդ ժամանակ արդարացիորեն խոսում եք երկակի ստանդարտների մասին և հայտարարում եք, որ պետք է Թուրքիան կամ նրա դաշնակից երկրները առերեսվեն պատմության իրական էջերին և ընդունեն Օսմանյան Կայսրության տարածքում հայերի հետ տեղի ունեցածը:
Պարոն Սահակյան Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ պետութուններին արդարության կոչ անելուց առաջ շատ լավ կլինի, որպեսզի դուք և ձեր ներկայացրած կուսակցությունը չմեղանչեք Հայոց պատմության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Կասկածի տակ դնելով եզդիների ցեղասպանությունը, որը տեղի է ունենում 21-րդ դարում, ձեր արժեքները կրող քաղաքական գործիչների աչքի առաջ դուք աջակցում եք Թուրքիային, որը լկտիաբար հերքում է մեր եղբայր հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը:
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազի


