1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Խաչատրյանի գործի դատական քննությունը:
50-ամյա Գևորգ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրված շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ դատական ակտի՝ Գևորգ Խաչատրյանը մեղադրվում էր Ֆրանսիայի քաղաքացի Մոնիկ Հարլեյին Հայաստանում սպանելու համար:
Ֆրանսիայի իրավապահներից 2012 թվականի սեպտեմբերին ու հոկտեմբերին քննչական հանձնարարություններ են ստացվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 1937 թվականի հունիսի 14-ին ծնված Մոնիկ Հարլեյի անհետ կորչելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանի տարածքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Տրամադրված նյութերում տեղեկություններ են եղել, որ Մոնիկ Հարլեյը 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով ժամանել է Երևան, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրա մեկնումի մասին տեղեկություններ չեն եղել: Ըստ հետդարձի ավիատոմսի՝ Մոնիկը Փարիզ պետք է վերադառնար դեկտեմբերի 22-ին, սակայն չի վերադարձել:
Մարոկկոյում կալանավորված ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանից Ֆրանսիայի իրավապահները տեղեկություն են ստացել՝ որ նա սպանել է Մոնիկ Հարլեյին ու մարմինը թաղել է իր այգում:
Գործի քննությամբ բացահայտվել է հետևյալը:
Գևորգ Խաչատրյանը մոր և եղբոր հետ բնակվել է Թաիրով-Փարաքար գյուղում: Նրա եղբայրը հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում, բժշկի նշանակմամբ ստանում է հոգեմետ դեղեր:
Գևորգ Խաչատրյանը 1999 թվականին մեկնել է Եվրոպա՝ աշխատելու: 2000-ից մինչև 2005 թվականներն ապրել է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այնտեղ ծանոթացել է ֆրանսուհի Ժանին Բոդենշացի հետ: Մտերմացել են: Գևորգն աշխատել է Ժանինին պատկանող «Բոդենշաց» նկարչատանը՝ որպես տնօրեն:
Գևորգը Հայաստանում պարբերաբար գտնվելու ընթացքում մի քանի անգամ ամուսնացել է հայ կանանց հետ, ունի մի քանի երեխա: Վերջին փաստական ամուսնությունը եղել է ՀՀ քաղաքացի Լուսինեի հետ, նրանից ունի մեկ որդի:
2006 թվականին Գևորգը Ժանին Բոդենշացի հետ մեկնել է Մարոկկո, աշխատել է նրա հետ: 2008 թվականին Մարոկկոյում Գևորգը ծանոթացել է իրենից 30 տարով մեծ՝ 1937 թվականին ծնված Մոնիկ Հարլեյի հետ: Վերջինս Մարոկկոյում զբաղվում էր անշարժ գույքի առուվաճառքով, ուներ մեծ կարողություն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


