Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 6 հոգի տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։