«Ես տեսնում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում հաշվարկներ լավ են կատարվում, այսինքն՝ ֆինանսապես բացահայտել են, որ մարզերում, սահմանամերձ գյուղերում շատ դպրոցներ իրենց չեն արդարացնում։ Մենք այնտեղ դասարաններ ունենք, որ մեկ կամ երեք հոգի են ներառում, և դրանից ելնելով՝ նրանք որոշել են առաջ քաշել դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Բայց ես կուզենայի մի միտք ընդգծել՝ ֆինանսական նպատակահարմարությունը, տնտեսական հաշվարկները, պետություն կառուցելիս, երբեմն բավական վատ խորհրդատու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով դպրոցների օպտիմալացման ծրագրին՝ այս մասին ասաց ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։ Նա նկատեց, որ, եթե առաջնորդվում ենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն պետություն լինելը ևս ֆինանսապես կարող է ոչ նպաստավոր լինել. «Եվ ավելի նպաստավոր կլինի, եթե դու գաղութի կարգավիճակում հայտնվես, որովհետև մետրոպոլիան կհոգա քո բոլոր ծախսերը։ Բայց այդ ճանապարհը տանում է դեպի դժոխք, այն դժոխքը, որի միջով անցել էինք և կարծես ուզում էինք հաղթահարել։ Հետևաբար՝ օպտիմալացումը կրթության, մշակույթի բնագավառում, փակուղի է, որովհետև, եթե փակվեն այդ դպրոցները, ես կարող եմ երաշխավորել, որ շատ արագ այդ գյուղն էլ կփակվի»։
Աղբյուրը՝168.am
Կարդացեք նաև՝ Այս մեկը չեն մարսելու.Վարչապետի որոշումը զայրացրել է լեզվաբաններին


