▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ, որ մեր երգիչներն այսօր միայն գումար վաստակելու մասին չմտածեն. Սոնա

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոնան, ով 17 տարեկանից Մոսկվայում ապրելով, միեւնույն է, շարունակում է արյան եւ հայրենիքի կանչով ժամանակ առ ժամանակ վերադառնալ Հայաստան, ավելին՝ երգչուհու խոսքերով, նա ունի երկու հասցե ՝ Հայաստան եւ Ռուսաստան:

Սոնա,  ի տարբերություն նախորդ տարիների, վերջին շրջանում հաճախ եք գալիս Հայաստան, հետաքրքիր է այս անգամ այցի հիմնական նպատակը ո՞րն է:

- Իմ բոլոր այցերի հիմնական նպատակը միակն է՝ սա իմ նախնիների հողն է եւ իմ քաղաքը, ես այստեղ եմ ծնվել, ապրել մինչեւ 17 տարեկանս, ես հոգով ու սրտով  հավերժ կապված եմ իմ հայրենիքի հետ եւ միշտ պետք է գամ: Իսկ ինչ վերաբերվում է ծրագրերին, այս անգամ այցիս գլխավոր ծրագիրն իմ համերգն էր, որը կայացավ հունիսի 26-ին, որին մասնակցելու համար Իտալիայից ժամանել էր իմ սիրելի գործընկեր Մանոլոն, ում հետ նոր զուգերգ ունենք, որի կենդանի պրեմիերան տեղի ունեցավ հենց համերգի ընթացքում: Պետք է ասեմ, որ իսկապես շատ լավ երգ է, որը շուտով նաեւ կձայնագրենք: Դրանից հետո էլ պարզ կդառնա՝ այն տեսահոլովակ կունենա, թե ոչ:

Գիտեմ, որ նոր երգ է սպասվում նաեւ Մերի Մնջոյանի հետ, որի կենդանի եւ փակ պրեմիերան եւս արդեն կայացել է, հետաքրքիր է՝ հանդիսատեսը ե՞րբ կտեսնի այդ աշխատանքը:

- Այո, մեր զուգերգը եւս արդեն պատրաստ է, բայց դեռ չենք կարող այն ներկայացնել, քանի որ դեռ աշխատանքներ կան այդ երգի հետ կապված: Երգը ձայանգրված է, բայց մնացած պլանները, որ կան այդ համագործակցության հետ կապված, այս պահին ասել չեմ կարող: Հուսամ, շուտով կստացվի այն, ինչ մտածում ենք:

Նկատել եմ, որ «Հայաստանի ձայնը» նախագծի Ձեր մասնակիցներից մի քանիսի հետ շարունակվում են ոչ միայն գործնական, այլեւ ընկերական հարաբերությունները: Ըստ ձեզ՝ այդ նախագիծը որքանով է օգնում սկսնակ երգչին ասպարեզ դուրս գալու համար:

- Այսօր շատերը այնքան էլ տեղ չունեն, քանի որ չեն երգում հիմա շատ ակտուալ ստանդարտ ոճում, իսկ նախագիծը մեծ հնրավորություն է տալիս նրանց՝ իրենց տաղանդը արտահայտելու հարցում: Իմ թիմից շատերը այսօր գործում են՝ Մաշան, Ռաիսան, Արիկը, Գյորգին եւ այլք: Նրանք, իսկապես, այսօր բավականին հաջողություններ են գրանցել, արդեն մեկնում են տարբեր երկրներ հյուրախաղերի, այսինքն՝ նրանց արդեն շատերն են նկատել, ինչը ինձ շատ է ուրախացնում: Ինձ ոգեւորում է նաեւ այն, որ նրանք աշխատում են, կանգ չեն առնում, այսպես ասած՝ չեն հանձնվում: Իհարկե, բոլորի գործունեությանը չեմ կարող հետեւել, բայց շատերրի հետ ունենք ընկերական հարաբերություններ, հաճախ են ինձ զանգում, գրում, իսկ ես էլ նրանց ամեն՝ թեկուզեւ փոքրիկ հաջողության համար ուրախանում եմ:

Մեր երկրում «Հայաստանի ձայնը» դեռ երեք անգամ է կայացել, որից երկուսում դուք մասնակցելով՝ հաղթանակել եք, եթե կրկին հրավեր լինի կմերժեք, թե նորից հաղթելու պատրաստակամությամբ եւ տրամադրվածությամբ կընդունեք առաջարկը:

- Չգիտեմ, գուցե եւ ընդունեմ: Դա կախված է «Հայաստանի ձայնը» հեռարձակող «Արմենիա» հոռուտսաընկերությունից, նրանք ինձ երկրորդ անգամ էլ էին հրավիրել, պարզապես իմ գործերը չհարմարվեց եւ ես մերժեցի, իսկ եթե կրկին հրավեր լինի նրանց կողմից, հավանաբար չեմ մերժի եւ կրկին կստանձնեմ այդ հետաքրքիր նախագծի ժյուրիներից մեկի դերը:

Սոնա, երկար տարիներ ապրելով Մոսկվայում՝ ծանոթ եք նաեւ մոսկովյան շոու-բիզնեսի անցուդարձին, հետաքրքիր էիմանալ հայաստանյան եւ մոսկովյան շոու-բիզնեսի տարբերությունները Ձեր դիտարկմամբ:

- Պետք է ասեմ, որ Մոսկվայում էլ ամեն բան իդեալական չէ, տարիներ առաջ այնտեղ եւս իսկական խառնաշփոթ էր տիրում, այսօր մոսկովյան շոու-բիզնեսում շատ տաղանդավոր մարդկանց չէինք տեսնի, եթե չլինեին նույն «Фабрика звезд»-ը, «Голос»-ը եւ այլ նմանատիպ ծրագրերը: Ուղղակի մեր երկրում պետք է ձգտենք ավելի համաշխարհային ստանդարտներին: Կարծում եմ, պետք է ժողովուրդը ընտրի, թե ինչ է ուզում լսել, ոչ թե միայն մի քանի ոճ բարձրացնենք եւ դարձնենք այն հայկական արվեստ: Վերջերս օրինակ Արմեն Մարտիրոսյանը շատ ուրախացրեց ինձ. այսօր նա զուտ հայկական ժողովրդական երգերը հանում է արխիվից եւ այն ներկայացնում նոր շնչով, ինչի կարիքը շատ կար, քանի որ այսօր մեզանում շատ քիչ են կամ չկան ուղղակի Ֆլորա Մարտիրոսյան, Օֆելյա Համբարձումյան, Էռնա Յուզբաշյան եւ այլք:

Սոնա, ըստ Ձեզ մեզանում ի՞նչ է պակասում կամ խանգարում, որ այսօր նման տաղանդների չենք տեսնում:

- Չգիտեմ, ես հասկանում եմ, որ ժամանակները գնում են առաջ եւ երիտասարդությունն էլ այսօր ուրիշ երաժշտություն է լսում, բայց համոզված եմ, որ մենք ունենք տաղանդավոր երեխեք, պարզապես ուզում եմ, որ մեր գեղեցիկ ժողովրդական կատարումները միայն մրցույթներում չհնչեն, ուզում եմ, որ նրանք մեր արվեստը ներկայացնեն ողջ աշխարհում: Ես ուզում եմ շեշտել «մեր իսկական հայկական երաժշտություն» հավելվածը, քանի որ այսօր այդ ֆոնի ներքո այլ մոտիվներ են հնչում, որոնք հայկական չեն: Այսօր մեզանում տաղանդների մասին շատ չենք իմանում, քանի որ պրոֆեսիոնալ երաժշտական եւ պրոդյուսերական թիմերի կարիք ունենք, ամեն բան ավելի լավ արդյունք է ունենում թիմային աշխատանքով:

Այսօր շատ երգիչներ, Ձեր նշած երաժշտական մոտիվներով երգելով, նշում են, թե գումար են վաստակում, ինչ կարծիք ունեք այդ «արդարացման» վերաբերյալ:

- Գոյություն ունեն կորպորատիվ միջոցառումներ՝ հարսանիք, ծնունդ եւ այլն, որտեղ պետք է հնչեն այդ «տաշի-տուշի»-ները, ինչը նորմալ է, քանի որ հաստատ որեւէ հայկական հարսանիքում ջազի կամ ռոքի ներքո մարդիկ չեն պարելու, բայց նույն մեր դհոլն ու զուռնան կարելի է օգտագերծել եւ կատարել այնպիսի երաժշտություն, որն իսկապես որակյալ կլինի, նաեւ պետք է տարբերել նույն դհոլի ու զուռնայի գործածությունը բեմում եւ նման միջոցառումներում, ինչի սխալ օգտագործումը այսօր ամենաշատն է տխրեցնում: Իսկ այդ հարցը գուցե պետք է լուծվի նաեւ ավելի լուրջ, ինչու ոչ նաեւ պետական մակարդակով: Այսօր շատ հայտնի երգիչնեը, ովքեր երգում են ռեստորաններում, եթե ցանկանան իրենց տաղանդը եւ ռեստորաններից դուրս կատարումները ցույց տալ համերգով, միեւնույն է, չեն կարող տոմս վաճառել, քանի որ նույն ժողովրդի վիճակն էլ այնքան լավ չէ, որ համերգի տոմս կարողանա գնել: Ես ուզում եմ, որ մեր երգիչները այսօր միայն գումար վաստակելու մասին չմտածեն, մի փոքր էլ մտածեն անուն, վաստակ եւ արվեստ թողնելու մասին, մտածեն, թե իրենց թոռները հետո ինչ են լսելու: Կրկնում եմ՝ հասկանում եմ, որ այսօր բարդ է նաեւ գումար վաստակելը, այսօր ամենատաղանդավոր երգիչն էլ ստիպված է լինում ռեստորանում երգելով աշխատել: Այսօր շատերը Խորհրդային Միությունը փնովում են, բայց այդ շրջանում մենք ունեցել ենք «Арм концерт», ունեցել ենք իսկական կենդանի համերգներ, երբ մարդիկ, իրոք, կենդանի ձայնով են երգել, իսկ հիմա երգիչները երգում են ձայնագրություններով, թեպետ օրենք ունենք այդպիսի, ըստ որի պետք է կենդանի կատարել: Երգիչների նման մոտեցումը ինձ համար ինքնախաբեություն է, չէ որ կենդանի կատարմամբ երգիչն ինքն է նախեւառաջ հաճույք ստանում, հետո միայն հաճույք պատճառում իր հանդիսատեսին: Սա մեկ կամ մի քանիսով չի կարող լուծվել, հարկավոր է ազգային անհանգստություն ու համախմբվածություն այս հարցում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее