BlogNews.am-ը զրուցել է դերասան Սոս Ջանիբեկյանի հետ, ով խոսել է անձնական կյանքի, իր համար լուրջ հարաբերություններն ավարտելու պատճառների մասին։ Դերասանը նշել է, որ ցանկանում է ունենալ մի վարդ ու մի մոլորակ, իսկ զուգահեռ հարաբերություններ երբեք չի ունեցել։
Սոս, ոլորտում շատերի հետ լավ, առաջին տպավորությամբ՝ մտերիմ հարաբերություններ ունես, դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ հումանի՞ստ ես, թե՞ իսկապես կան շատ մարդիկ, ում քեզ մտերիմ ես համարում:
Բոլորի հետ մտերիմ եմ հիմնականում գործնական հարաբերությունների շրջանակում: Առհասարակ, աշխատում եմ միշտ լավը տեսնել մարդկանց մեջ, չլսել նրանց մասին խոսակցությունները, չստեղծել կերպար, ուղղակի ճանաչել այնքան, որքան ինքը թույլ կտա: Բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ չեմ կարող, բայց կարող եմ շփվել քաղաքակիրթ սոլիդարություն ու սուբորդինացիա պահելով: Որպես գործընկեր՝ պահում եմ այդ հարաբերությունները, սակայն չեմ թողնում, որ դրանք դառնան անձնական: Իհարկե, ունեմ շատ գործընկերներ, ովքեր ընկեր են դարձել:
Ովքե՞ր են նրանք:
Անուններ չեմ նշի, որովհետև հնարավոր է՝ մտերիմ մի մարդու անուն բաց թողնեմ, ինչի համար ինձ վատ կզգամ:
Առհասարակ ընկերներ շա՞տ ունես: Նրանք քեզ իսկապե՞ս հոգեհարազատ մարդիկ են, ում հետ միշտ կարող ես կիսել ուրախությունդ և տխրությունդ, թե՞ ընկերներ են, ում հետ տվյալ փուլում ես մտերիմ:
Առհասարակ, ամեն ինչ անցնում է. կորցնում ես ընկերներ, ձեռք ես բերում նոր ընկերներ, ունենում ես մնայուն՝ իրական ընկերներ: Ես շատ ընկերներ չունեմ, որովհետև զզվում եմ այն մարդկանցից, ովքեր բոլորին իրենց սիրել են տալիս, մտերմություն են անում, ուզում են կապեր հաստատել, սակայն ունեմ լավ ընկերներ ու իսկապես հպարտանում եմ նրանցով: Որպես տղաամարդ՝ ինձ համար շատ կարևոր է ընկերությունը: Ունեմ ընկերներ, որոնց հետ ամբողջ կյանք եմ ապրել ու ինչքան էլ մասնագիտությանս մեջ առաջ գնամ, հասնեմ փառքի, փող ունենամ, երբեք ոչ մի բան չեմ փոխի ընկերություն անելու հատկանիշի հետ: Ես ինձ չեմ պատկերացնում առանց ընկերներիս. դա ինձ համար դարձել է շատ նուրբ և անփոխարինելի աշխարհ, որտեղ ձեռք եմ բերել ընկերություն անելու ունակություն։
Ո՞ր հատկանիշն ես կարևորում ընկերներիդ մեջ:
Ինձ համար շատ կարևոր է ընկերոջ հաջողակ լինելը: Անհաջողակներին, թույլերին, հետ մնացողներին, պարտվողերին չեմ սիրում ու չեմ կարողանում ընկերություն անել նրանց հետ, որովհետև նրանք ակամայից չարանում են և լինում անբավ։
Էռնեստ Հեմինգուեյը մի շատ լավ խոսք ունի՝ ասում է՝ կան մարդիկ, ում հետ շատ հեշտ է, բայց առանց իրենց էլ է հեշտ, կան մարդիկ, ում հետ շատ դժվար է, բայց առանց իրենց անհնար է: Իմ ընկերների հետ մեծ մասամբ շատ դժվար է, բայց առանց իրենց էլ անհնար է:
Իսկ կանանց շրջանում ունե՞ս իրական, մտերիմ ընկերներ, թե՞ այն մարդկանցից ես, ովքեր չեն հավատում կնոջ և տղամարդու անկեղծ ընկերությանը:
Քանի որ ես իդեալիստ եմ և ունեմ ընկերության մասին իմ անթերի պատկերացումը, չեմ հավատում այդ ընկերությանը: Ես չեմ ունեցել էնպիսի կին ընկեր, ով եղել է տղամարդ ընկերոջ պես: Իհարկե, մարդիկ կարող են բանականությամբ ու հոգով ավելի բարձր լինել, սակայն գիտակցելը, որ միշտ կա այն ռիսկը, որ բնությունը մի օր կարող է հաղթել, խանգարում է անսեռ ընկերությանը։
Բայց ամեն ինչ դրանով չի սկսվում ու ավարտվում, չէ՞:
Ես շատ առողջ եմ ընկալում, երբ ազատ տղամարդ-կին ընկերների միջև լինում է սիրային կամ սեռական կապ, չէ՞ որ ամեն ինչ դրանով չի սկսվում և ավարտվում։
Եկեք անկեղծ լինենք և խոստովանենք, որ 100-ից 99 դեպքում կա՛մ մեկը հոգու խորքում թաքուն սիրել է ընկերոջը, բայց վախեցել է արտահայտվել, կա՛մ ինչ-որ բան, այնուամենայնիվ, եղել է։
Զուգահեռ հարաբերություններ ունեցե՞լ ես:
Երբեք: Իմ դեպքում բացառվում է ունենալ կին ու ցանկանալ ուրիշի հետ էլ հարաբերություններ ունենալ: Հարցն այն չէ, որ դա վատ է կամ լավ, ուղղակի ես իսկապես չեմ ուզում դա։
Սոս, քո անձնական հարաբերությունների մասին շատ է խոսվում, մարդիկ քեզ վերագրում են կնամոլություն, դու ասում ես՝ ես փնտրող եմ, մարդիկ քեզ վերագրում են անկայություն, դու ասում ես՝ ես ծրագրեր կազմել չեմ սիրում: Մտածե՞լ ես՝ ինչո՞ւ են հարաբերություններդ շուտ ավարտվում:
Այո, ճիշտ եմ ասել, կնամոլ չեմ. մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Յուրաքանչյուր տղամարդու կյանքում էլ լինում են կանայք, իմ դեպքում էնպես է ստացվել, որ հանրությունը, անկախ իմ կամքից, իմացել է այդ մասին։
Հարաբերություններս շուտ են ավարտվում, որովհետև ապագայի ծրագրերով, խոստումներով, երազանքներով սիրածս աղջկան կողքիս չեմ պահում։ Չեմ սիրում, երբ մարդ կողքիս է մնում ապագայի ակնկալիքով, իր երազանքների իրականացման համար կամ որ արդարացնեմ իր ծրագրերը՝ կապված մեր հետագա կյանքի հետ։ Ոչ ոք այնքան խիզախ չի գտնվել, որպեսզի ռիսկի դիմի, մնա պահի մեջ՝ առանց ապագայի որևէ ծրագրի։ Մտածում են՝ ավելի լավ է ընտրեն ուրիշին, ունենան ապահով, կայուն հարաբերություններ… բայց էդ դեպքում ստացվում է՝ նրանք ինձ չեն սիրում, այլ մեր ապագան: Ոչ ոք չի հասկանում, որ չկա բանաձև, որով եթե հարաբերություն սկսեք, չեք բաժանվի՝ նշանվեք, ամուսնանաք, թե՝ ծնողների խոսկապ լինի, ապագայի երաշխիք չկա։ Մեր իրական երազանքները, անհատականության ճանապարհը գտնվում են այնտեղ, որտեղ մենք չենք հետապնդում հարմարավետություն։ Ես ուզում եմ՝ Նա ինձ շարունակություն լինի, ոչ թե իր կիսատ լինելու փրկությունը տեսնի իմ մեջ։
Պատրաստ չե՞ս ամուսնության։
Դրան պատրաստ լինելու կամ չլինելու հարց չկա ինձ համար, դա կա՛մ լինում է, կա՛մ ոչ։ Ես խուսափում եմ, երբ ինձանից պահանջում են ինչ-որ քայլեր, որոնց միջոցով դիմացինս ավելի վստահ կլինի, որ կամուսնանանք։ Իսկական սիրո դեպքում մարդկանց նպատակն է լինել իրար հետ, ոչ թե հետևել և կարևորություն տալ, թե ինչ կարգավիճակում են իրար հետ։ Եթե նույնիսկ ես մտադիր եմ մի բան անել, բայց մինչ քայլս սկսում են համոզել դա անել, այլևս չեմ ուզում դա անել։
Ի՞նչն ես կարևորում հարաբերություններում:
Ինձ համար երեք բան է շատ կարևոր՝ ինչպիսին կլինենք մենք՝ որպես ընկերներ (թեմաներ, շփման եզրեր, նույն աշխարհայացք, փիլիսոփայություն, կյանքի ընկալում), երկրորդ՝ ինքն ինչպիսի՞ն է իմ աշխարհում, իմ ընկերների, իմ ծնողների միջավայրում, ինչքա՞ն հարմարավետ է զգում իրեն էդտեղ, ես ինչքա՞ն հարմարավետ եմ զգում ինձ իր շրջապատում: Երրորդն անկողինն է: Եթե այդ երեքը լինի 100%-անոց, ինձ համար անհասկանալի կլինի ուրիշին փնտրելը: Դեռ փնտրում եմ այդ լիարժեք հարաբերությունները, եթե չգտնեմ, կհարմարվեմ այն մտքի հետ, որ կյանքն այսպիսին է, պետք է ունենալ կին, ընտանիք, ապրել ու չփնտրել կատարյալ հարաբերություններ։
Մի անգամ հասել ես կենցաղ կիսելուն. ապրում էիր Աննա Կոկչյանի հետ: Այդ դեպքում բաժանաման պատճառը ո՞րն էր:
Ինձ համար կինն ու տղամարդը հավասար չեն: Ես փորձում եմ ընտրել կին, ով ավելի շատ կհամակերպվի իմ թերությունների հետ, քան ես՝ իր: Շատ էգոիստ եմ այդ հարցում, բայց կարծում եմ՝ տղամարդն ունի այդ առավելությունը:
Ես տեսել եմ այդ կյանքն ու դաստիարակությունը: Ինձ համար կինը պետք է լինի ավելի հանդուրժող այն հարցերում, որոնք կարող են քանդել հարաբերությունները: Ես երեխայի պես կարող է նյարդայնանամ, գոռամ, հետո հանգստանամ ու նույնչափ սիրեմ: Ըստ իս՝ իմաստուն չէ կնոջ այն տեսակը, որ հիմնվելով մի օրվա վատի վրա՝ կարող է քանդել լավ հարաբերություններ, որ կառուցվել են մի քանի տարի։
Ես չեմ ուզում՝ ինձ փոխեն: Ուզում եմ՝ կողքիս լինի մեկը, ով գիտի՝ ուր է եկել և ուր է գնում: Միևնույն ժամանակ չեմ կարողացել այդքան իմաստուն լինել և միշտ փորձել եմ փոխել կողքիս կանանց:
Չե՞ս մտածում, որ գուցե մինչև կյանքիդ վերջ փնտրես քո իդեալական կնոջն ու չգտնես կամ գտնես նրան, ով փնտրում էր իր իդեալական տղամարդուն, և ձեր հարաբերությունները չստացվեն, ինչպես հայտնի առակում:
Ցավոք, հնարավոր է: Մտածել եմ այդ մասին, բայց նաև մտածում եմ՝ եթե հանդիպելու եմ, կհանդիպեմ, եթե ոչ՝ ոչ: Էնպես չի, որ անընդհատ փնտրում եմ, ուղղակի չեմ սիրում մենակ լինել: Միևնույն ժամանակ չեմ սիրում բազմազանություն. սիրում եմ իմ մոլորակն ու իմ վարդը, ուզում եմ ունենալ մի վարդ ու մի մոլորակ:
Ի՞նչ է քեզ տալիս անընդհատ նոր հարաբերություն ունենալը, մեկի ավարտից անմիջապես հետո նորը սկսելը:
Անընդհատ նոր հարաբերություններն ինձ տվել են այն, որ էլ չեմ ուզում նոր հարաբերություն: Ուզում եմ միանգամից ամուսնանալ: Ուզում եմ դեռ մենակ լինել, ինքս ինձ հասկանալ, գուցե խնդիրն իմ մեջ է, տարիքի հետ հասունանամ…
Թեև հնարավոր է՝ հանդիպեմ մեկին, ում հետ միանգամից ուզեմ հարաբերություն սկսել:
Առաջին հերթին ի՞նչն է գրավում քեզ հակառակ սեռի մեջ:
Կստեմ, եթե չասեմ՝ գեղեցկությունը, բայց կա նաև մի բան, որ զգում ես, ինչ-որ էներգիա է պտտվում ձեր միջև: Ինձ գրավում է, երբ կինն ինձ հետ չի շփվում բանաձևային, մտածված, այլ անմիջական ու անկեղծ է: Սիրում եմ նաև իր ցանկությունների մեջ խիզախ կնոջ:
Գեղեցկության վերաբերյալ ունե՞ս հստակ չափանիշներ:
Չէ, ուղղակի կարող եմ նկատել, որ մեծ մասամբ սիրել եմ սևահեր և փոքրակազմ աղջիկների։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում