▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ մի հատ տեղը տեղին ամաչեցնել ինքնահավան էստրադային ու փոփ աստղիկներին. Քրիստ Մանարյան

Դրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.

«Ուզում եմ մի հատ տեղը տեղին, պետք եղածի պես լաաավ ամաչեցնել ձեզ, հայազգի ինքնահավան էստրադային ու փոփ աստղիկներ ու աստղափոշու մասնիկներ: 

Ու ասեմ, թե ինչու՝ դուք, որ ուրիշների երգերը վերցնում ու «քավր» եք անում, մեր հայտնի ու ոչ այնքան հայտնի երգահանների ու կոմպոզիտորների դատած հացն եք փաստորեն ուտում, նրանց շնորհքի ու տաղանդի շնորհիվ եք պլպլում հայկական շոու-բիզնեսի երկնակամար կոչվածում /եթե էդպիսին կա/՝ բա չեք ամաչու՞մ, որ հեղինակների անունները որպես կանոն չեք նշում…թե՞ էդ մարդիկ կամ նրանց ժառանգները պիտի երջանիկ լինեն այս ու հանդերձյալ աշխարհներում, որ ձեզ պես տաղանդաշատ մլավողները շնորհ արեցին ու այդ երգերը կատարեցին…չեք մտածու՞մ, որ հեղինակն է հիմքը ձեր մլավոցի ու մկկոցի:

Ու եթե անկեղծ լինենք՝ այնքան էլ երջանիկ չի այդ հեղինակը, որ իր ստեղծագործության աղավաղված քավրը ձեր շուրթերից հնչում է…: Բայց բոլոր դեպքերում՝ հնչում է, չէ՞: Դե ուրեմն մարդկություն ու դաստիարակություն ունեցեք՝ ձեր կլիպային խզբզանքներում մի տեղ, սկզբում կամ վերջում հեղինակների անունները նշել, կարգն այդպես է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Դա նշանակում է հարգել էն մարդուն, ում շնորհիվ այսօր ձգտում եք դուք մարդամեջ մտնել, երաժիշտ ու երգիչ կոչվել:

Անշուշտ բոլորդ չեք, որ այդպես անշրջահայաց եք ու անաղուհաց, կան նաև հեղինակային իրավունքը հարգողներ: Բայց ցավոք՝ մեծամասնություն չեն կազմում: Ձեռքներդ չի կոտրվի, սովորեք գրել հեղինակների անունները՝ դրանով դուք կհարգեք նախևառաջ ինքներդ ձեզ: Այն մարդկանց, ովքեր արդեն այդ գործն արել են, դա, հավատացեք՝ այնքան պետք չի, իմացողն իմանում է նրանց ու միշտ հիշում է: 

Թե չէ՝ գլխիս չափ տառերով նշում եք ձեր նվիրական անուն-ազգանունները, չեք զլանում նշել ռեժիսորներին /կամ՝ ռեժիսորակերպ կլիպահաններին/, բայց հեղինակների հաշվով՝ քար լռություն…: Ամոթ է, մտեք վիքիփեդիան ու նայեք՝ նորմալ հասարակություններում հեղինակները միշտ նշվում են: Կրտսերները պիտի հարգեն ավագներին, աշխարհի կարգն է:

Սա քլնգել չի, սա դաս է, որը դուք չեք անցել, որովհետև երևի սովորեցնող չեք ունեցել ցավոք: 
Հուսամ՝ գոնե մի քանիսդ անհրաժեշտ հետևություններ կանեք: Ձեզ ստեղծագործական հաջողություններ, հարգանք վայելելու ձևերը սովորելու համար երբեք ուշ չի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее