▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուստավով չի թույլատրվում» բառերից հետո «ցելով» կրակել են Գ. Մկրտչյանի վրա. պատմում է կինը

armtimes.com-ը գրում է. 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած եւ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել, որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է: Նշենք, որ դատական նիստի օրվա մասին պատշաճ չէին ծանուցվել նաեւ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հարազատները:

45-ամյա ոստիկանը ՊՊԾ գնդի գրավման օրը ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է  օրեր անց՝ օգոստոսի 13-ին:

Նրա հարազատները հունիսի 8-ին նշանակված նիստի մասին իմացել են նիստի ավարտից հետո՝ լրատվամիջոցներից: Ավագ ենթասպայի հարազատներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը երգելով է մտել դատական նիստերի դահլիճ: «4 օր է տեղներս չենք գտնում, դատարան են մտնում պարելով՝ կարծես այնպիսի մեծ հերոսություն են արել ազգի համար... չեն էլ ասում երեք անմեղ զոհ են տվել»,- մեր զրույցում հուզված նշեց Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը:

Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կմասնակցե՞ն դատական նիստերին, նա դրական պատասխան տվեց. «Անպայման ներկա ենք լինելու ընտանիքի բոլոր անդամներով»,- ավելացրեց նա:

Հասմիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ ամուսինը վիրահատվելուց հետո մի քանի օր կցկտուր որոշ մանրամասներ է պատմել ՊՊԾ գնդի գրավման, իր վրա կրակելու մասին: Այսպիսով՝ Գագիկ Մկրտչյանը տիկնոջը պատմել է, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը պայթյունի նման ձայն է լսել, տեսախցիկներով տեսել է, որ մի բեռնատար հարվածել է գնդի դարպասներին: Մկրտչյանը մտածել է, որ վթար է եղել, քանի որ գրավումից մի քանի օր առաջ վթար էր եղել՝ մեքենայով հարվածել էին գնդի դարպասներին: Մտածելով, որ վթար է եղել, շտապօգնություն են զանգահարել: Այդ րոպեներին ավագ ենթասպան չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում:

«Հետո տեսել է զինված մի քանի հոգու: Այդ ընթացքում նա հասցրել է իր հետ եղած տղաներից մեկին տալ այն սենյակի բանալին, որտեղ պահվում է ամբողջ զինմաթերքն ու ասել է՝ սա վերցրու՝ դու գնա: Էլ չեն պատկերացրել, որ էդ դուռը լոմով կբացեն: Հետո տեսել է, որ զինված գնում են դեպի իր աշխատասենյակ, դուռը փակել է: Հասել են դռան մոտ ու հրահանգել, որ դուռը բացի, չի բացել, հետո լոմով բացել են դուռը, հարցրել են՝ ինչի՞ չէիր բացում, ասել է՝ ուստավով չի թույլատրվում: Գագիկը պատմեց՝ դրանից հետո զենքը պահեցին, «ցելով» խփեցին: ՊՊԾ գնդում պատանդ պահվող ոստիկանները մտածել են, որ Գագիկի թեւն է վնասվել, բայց հետո տղաները տեսել են, որ Գագիկը կողքից հրազենային վնասվածք է ստացել, համոզել են, որպեսզի Գագիկին թողնեն դուրս գա, որ արնաքամ չլինի: Հետո տղաներից մեկին դրել են Գագիկի հետ, ասել են՝ կհասցնես մինչեւ դարպասների մոտ, դու հետ կգաս, սպառնացել են: Ամուսնուս հասցրել է մինչեւ դարպասների մոտ, էդտեղից արդեն Գագիկը տենց ծանր վնասվածքով մոտ 500 մետր քայլել է դեպի ոստիկանական մեքենաները, ինչից հետո էլ տեղափոխել են հիվանդանոց»,-ամուսնու պատմած մանրամասները փոխանցեց սպանված ոստիկանի կինը:

Նա ասաց, որ Մկրտչյանը չի իմացել, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Հարազատները Գագիկ Մկրտչյանի հետ կարողացել են 20 օր շփվել, վերջին 7 օրը նա անգիտակից վիճակում է եղել:

«Ինչ է նշանակում՝ կարող են հանգիստ մտնել մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում, ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում: Մի ֆիդայի, մի ազգի հերոս, որ մտնում է ՀՀ տարածք՝ խլում է ուրիշ սպայի կյանք, կապ չունի՝ գեներալ, թե լեյտենանտ, նրանք մարդասպաններ են, նրանք իրավունք չունեն ազգի հերոս կոչվելու: Եթե ես վաղը երեխու հետ ներկայանամ դատարան ի՞նչ խղճով պետք է նայեն երեխուս աչքերի մեջ: Իսկական հերոսների անվան հետ ինչի՞ եք խաղում: Ու նենց փամփուշտով են կրակել Գագիկի վրա, որ ամբողջ ներսը վառվել էր, չկարողացան ոչ մի բան անել: Անհամբեր սպասում ենք, որ դատավարությունը լինի, իրենք իրենց արժանի պատիժը ստանան»,- վրդովված ասաց Հասմիկ Ոսկանյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее