Life.panorama.am-ը գրում է. Վերջին շրջանում «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում առաջին անգամ հեռուստադիտողին ներկայանում է դերասանուհի Ասյա Հովսեփյանը, ով ունի բազում նպատակներ այս ոլորտի համար: Ասյան մասնագիտությամբ ռեժիսոր-դերասան է, ով երազում է ոչ միայն լավ դերերի, այլեւ իր իսկ բեմադրությունների մասին: Իր ծրագրերի եւ իրեն այս ասպարեզ բերած ճանապարհի մասին երիտասարդ ռեժիսոր-դերասանուհին կիսվել է մեզ հետ:
«Դպրոցական տարիների վերջին, երբ պետք է մասնագիտություն ընտրեի, խորապես զբաղվում էի պարով ու մտածում էի, որ պարուհի եմ դառնալու, բայց մի անգամ մեր պարի խմբով Համազգային թատրոնի բեմում համերգ ունեցանք, որի ժամանակ շատ անսպասելի ինձ մոտեցան երկու ռեժիսորներ ու առաջարկեցին նկարահանվել ֆիլմում: Հիմա, երբ հետ եմ նայում, այդ դրվագը ինձ ամերիկյան ֆիլմ է հիշեցնում, այնուամենայնիվ, ես համաձայնեցի մասնակցել քասթինգին, ընտրվեցի, բայց այդ աշխատանքը որպես այդպիսին, այնքան էլ լուրջ գործի չվերածվեց, սակայն իմ կյանքում այն դարձավ ճակատագրական: Այդուհետ ես հասկացա, որ դերասանական արվեստը ինձ ավելի է հետաքրքրում, քան պարարվեստը ու հստակ որոշեցի՝ ես պետք է ընդունվեի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Իմ կյանքի այդ դրվագ ինձ ոչինչ չտվեց, բացի որոշումից: Նաեւ պետք է շեշտեմ, որ մասնագիտությանս ընտրության հարցում շատ մեծ դեր է ունեցել հորեղբայրս՝ արձակագիր Աշոտ Հովսեփյանը, նա շատ է ուղղորդել ինձ, շատ էր ցանկանում, որ ես դառնամ ռեժիսոր եւ դերասանուհի եւ հենց հորեղբարս էլ համոզեց ծնողներիս, որ ինձ թույլ տան ընտրել այս ուղին», - մասնագիտութան ընտրության մասին խոսելիս՝ պատմեց դերասանուհին:
Ասյան նկատեց նաեւ, որ ուսանելու տարիներին շատ պատճառներից ելնելով չի նկարահանվել. «Sովորել եմ Ռաֆայել Ջրբաշյանի, իսկ մագիստրատուրան՝ Դավիթ Հակոբյանի արվեստանոցներում: Ուսանելուս տարիներին չեմ նկարահանվել մի քանի պատճառներով, նախ, որ մեր ինստիտուտը ունի չգրված օրենք՝ թույլ չի տրվում սովորել եւ միաժամանակ նկարահանվել սերիալներում, ինձ համար էլ էր կարեւոր գիտելիքով մտնել հեռուստաընկերություն, որպեսզի անփորձ վիճակով չներկայանայի հեռուստադիտողին, իսկ ավարտելուց հետո ստացա առաջարկ եւ մեծ սիրով համաձայնեցի»,- նշեց նա:
Ասյան երկար չի տատանվել նաեւ ռեժիսուրայի եւ դերասանության միջեւ ընտրության ժամանակ. «Երբ ընտրում ես դերասանի մասնագիտությունը, չես կարող ռեժիսուրայով զբաղվել, քանի որ չունես այդ գիտելիքները, իսկ երբ ընտրում ես ռեժիսորի մասնագիտությունը, ստանում ես թե ռեժիսորին, թե դերասանին անհրաժեշտ գիտելիքներ, եւ քանի որ իմ մեջ բավականին վառ է արտահայտված ռեժիսորի մասնագիտության նկատմամաբ սերը, ուստի որոշեցի ընտրել այդ մասնագիտությունը, որը ինձ թույլ կտար զբաղվել նաեւ դերասանական արվեստով,- պատմեց Ասյա Հովսեփյան ու հավելեց,- պետք է մի բան նկատեմ՝ ինձ հետաքրքրում են բեմադրությունները, ես ինձ ավելի շատ թատրոնի ռեժիսոր եմ պատկերացնում, քան ֆիլմերի: Այս պահին անհատ ռեժիսորների հետ եմ համագործակցում, արդեն ծրագրեր ունեմ հաջորդ տարի իմ ներկայացումը բեմադրելու. հուսամ ամեն բան կընթանա ըստ իմ պլանավորածի»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում