Այն, ինչ տեղի է ունեցել, շատերի համար բանականության շրջանակից դուրս է, իսկ այն ինչ հիմա կատարվում է, հաճախ տրամաբանություն չունի. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը:
Պատգամավորը նշեց, որ հանրության համար կարևոր է հասկանալ, թե որն է այս խորհրդարանի խոսույթը, ինչ է անում հետպատերազմյա խորհրդարանը.
«Այն, ինչ տեղի է ունեցել ու հիմա է ընթանում, սովորական ներքաղաքական ճգնաժամ չէ, խոցվել է այս երկրի ու ժողովրդի սիրտը: Մեր պետականության խեղվել է, ապագան՝ անորոշությունների մատնվել, հազարավոր նահատակներ ունենք: Ի՞նչ ենք անում ու ի՞նչ ենք անելու, գրեթե երեք ամիս անցել է, սակայն գնահատական չի տրվել: Ադրբեջանը հայատյաց քարոզը տասնապատիկ ուժով շարունակում է, մեր գերիների հարցը շարունակում է անորոշ մնալ, Ադրբեջանը պղծում է մեր սրբավայրերը, իսկ որոշ գործիչներ ասում են «մի վախեցեք, պետք է շարժվել առաջ»: Ո՞նց եք պայքարում, ինչ գործիքակազմով: Առաջ են շարժվում միայն անցյալը փակելուց կամ վերարժևորելուց հետո, անցյալը փակված չէ, առանց անցյալ չկա ապագա»: