▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց՝ լուսաբացին, Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը, իր գրառման մեջ որոշակիորեն ուղղորդելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել», սակայն երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չէր հրավիրվել:

Ենթադրվում էր, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը, եւ պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Ի դեպ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին, եւ համակարգում չեն կարծում, թե կատարվածի պատասխանատվությունը պետք է կոտրվի նրա ուսերին։

Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը: Էջմիածինը մշտապես եղել է խնդրահարույց շրջան՝ թե՛ կլանային բախումների տեսանկյունից, թե՛ ապօրինի զենքի շրջանառության, ուստի կատարվածը պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է։

Ոմանք ավելի հեռուն գնալով կարծում են, որ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը` վայրկյան առաջ հասնել համայնքապետի սպանության բացահայտմանը, քանի որ այն սովորական սպանություն չէ, եւ պարզ է, որ Վոլոդյա Գրիգորյանին «քիլլեր» է սպանել, իսկ դա նշանակում է, որ նախապես լավ մշակված եւ կատարված հանցագործության հետ գործ ունենք։ Իսկ թե ում էր խանգարում Վոլոդյա Գրիգորյանը, մանրամասնելու կարիք չկա։

***

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք։ Նրանցից միայն մեկին՝ Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է «Ֆազ» մականվամբ, կալանավորեցին։ Մյուսները, չնայած ծանր մեղադրանքներին, մնացին ազատության մեջ։
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել Արմեն Ղազարյանի մայրը՝ Ռուզաննա Ղազարյանը։ Նա վստահեցնում էր՝ արդարությունը խեղաթյուրվում է, իսկ իրական մեղավորները մնում են ստվերում. «Անուններ կտամ, ում եք մաքրում։ …. Մարդկանց փորձում են ազատել սպանության պատասխանատվությունից, բայց իմ որդուն են պահում կալանքի տակ», –հայտարարել էր Ռուզաննա Ղազարյանը:
Սակայն նրա խոսքը մնաց անարձագանք։

Փոխարենը ձերբակալվեցին Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցները: Գրիգորյանը հայտնի էր ընդդիմադիր դիրքորոշմամբ և պայքարոմ էր գործող իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուի դեմ: Այս զարգացումները, ըստ տեղի բնակիչների, ոչ միայն չլուծեցին առկա լարվածությունը, այլեւ նոր բռնկումներ հրահրեցին։
Արդյունքում, Մերձավանում կրկին կրակոցներ հնչեցին։ Այս անգամ եղավ երկու զոհ և մեկ վիրավոր։

Այս իրադարձությունները կարմիր գծով մատնանշում են պետության հիմնական խնդիրը՝ իշխանության պատասխանատվությունը։ Եթե իրավապահ համակարգը ժամանակին ամբողջությամբ բացահայտեր եւ կանխարգելեր սպանությունը, ապա նոր արյուն չէր թափվի։

Այսօր Մերձավանի ողբերգությունները ոչ միայն իրավական, այլև քաղաքական հարց են։ Մարդիկ պարզ ասում են՝ սպանությունների և անպատժելիության այս շղթան Նիկոլ Փաշինյանի իշխանության խղճի վրա է։ Քանի դեռ իշխանությունն իր պատասխանատվությունը չի գիտակցում եւ չի ապահովում արդար դատաքննություն, հասարակությունը կմնա անվստահ եւ վտանգի առաջ։
Մերձավանի պատմությունը պետք է դառնա դաս. ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելու, այլ ճշմարտություն բացահայտելու ճանապարհ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее