Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ էփրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգիրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀքաղաքացի):
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հիվանդանոցում հավաքված լրագրողներին տեղեկացրել է, որ պայթյունից տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նրա խոսքով՝ տուժածների մեծ մասի վիճակը միջին ծանրության է և բավարար:
Սամվել Կարապետյան խոսքով՝ հավանաբար 3-4 հոգի կարող են դուրս գրվել: «Նրանք արդեն, կարող են և ուզում են դուրս գրվել, բայց պահում ենք հսկողության տակ: Մեծ մասը վաղը դուրս կգրվեն»:
Բաժանմունքի վարիչը նաև ասել է, որ վնասվածք ստացած օտարերկրյա՝ ՌԴ 3 և Իրանի 2 քաղաքացիների վիճակը ևս լավ է, անհանգստանալու առիթ չկա:
8-ամյա աղջնակի՝ Ռուբինա Մարկոսյանի վիճակը ծանր է. բավական մեծ վնասվածք է՝ ազդրի վերին երրորդականում: Մկանները բոլորը վնասվել են: Վնասվածքը մինչև ոսկր է հասել, բարեբախտաբար՝ ոսկրը չի վնասել: Բոլոր տուժածների վնասվածքները բեկորային են:
Ավելի ուշ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն էլ հայտնել է, որ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը ավարտվել է:
Վիրահատությունը նորմալ է անցել, երեխայի վիճակը կայուն է:
Արա Մինասյանի խոսքով՝ աղջիկը դեռ մոտ երկու շաբաթ հիվանդանոցում կմնա, սակայն նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:


