ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:
ՀՔԾ-ից կայքին հայտնում են, որ ՀՀ քաղաքացի` Երեւանի բնակիչ Տ. Ք.-ն հայտնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի մասին: Այսպես, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով 14.08.2017թ.-ին Տ. Ք.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ազատ արձակվելուց հետո բուժօգնության է դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնտեղ նրա մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ` սալջարդերի եւ արյունազեղումների տեսքով: Տ. Ք.-ն բժշկական կենտրոնում հայտարարել է, որ նշված մարմնական վնասվածքներն ստացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ծեծի ենթարկվելու հետեւանքով:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:


