▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկան կա, պահի՛, պահի՛»․ հայկական ռեփը արգելվածի մասին

Ռեփը (անգլերեն rap, rapping բառերից) համաշխարհային թատերաբեմում հայտնվեց 1970-ականներից՝ Բրոնքսցի աֆրոամերիկացների շրջանակներում։ Ի սկզբանե այն չի հետապնդել կոմերցիոն նկատառումներ, եղել է «դիջեյների» ու լսարանի շփման միջոց՝ արտահայտելով հանգավորված բողոք, սոցիալ-հասարակական հուզող թեմաների սուր քննադատություն։

70-ականների ռեփը սևամորթների երաժշտական լեզուն էր

Մեր օրերում այն դարձել է հիփ-հոփ ինդուստրիայի կարևորագույն ճյուղերից մեկը։ Զերծ մնալով ռեփի պատմության դասագրքային մանրամասներից՝ նշենք միայն, որ այն իր լայն տարածումը գտավ ամբողջ աշխարհում՝ բաժանվելով տարատեսակ ենթաճյուղերի (Battle rap, Flow և այլն)։

2000-ականներին ռեփը հասավ նաև մեզ։ Մի ամբողջ սերունդ սկսեց լսել «Հայ տղեք» բեմական անունով մի խմբի, որը ներկայացնում էր ակտուալ համարվող ազգային-հասարակական թեմաների հետաքրքիր ձուլվածք («Հայ տղեն տղայա», «Հարազատ քուչա» և այլն)։ Միշոն ու Հայկոն սիրվեցին հայ երիտասարդների կողմից․մշակութային վակուումում գտնվող հասարակության համար «ամենաֆրոյդային»   երազում անգամ դժվար էր երևակայել, որ ժողովրդի գրկից դուրս կգան երկու երիտասարդ ու կխոսեն «բազառների», «մարշուտկեքի», «մաշնի» ու ժողովրդի առօրյան պատկերող այլ թեմաների մասին։

Հայկական ռեփը արտացոլում է հայ երիտասարդության կենսակերպը

Բազմաթիվ քննադատությունների արժանացած ու մինչ օրս արժանացող հայկական ռեփը հնարավոր է որակի, մատուցման տեսանկյունից զիջի, օրինակ՝ ռեփի ոսկե սերնդին (PE's Chuck D, Big Daddy Kane, KRS-One, Rakim), բայց այն ենթագիտակցորեն հավատարիմ է մնում ռեփի սկզբնական նյութին՝ ժողովրդի, հասարակության խնդիրների ու առօրյայի արտացոլմանը։

 

Հեքիաթներ բաժանողն ա, նայի՛,

Օրինական չի, ոստիկան կա, պահի՛, պահի՛,

Կքնցնի կամ արթուն կտանի։

 

Այս տողերը Միշոյի «Հեքիաթներ բաժանողը» երգից են։ Այս երգի թեմատիկան հասկանալու ու վերլուծելու համար հարկավոր չէ գրականագիտական բարձրագույն կրթություն, ոչ էլ պետք է կիրառել փիլիսոփայական հերմենևտիկա։ Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է մատուցված։ Ցանկացած ոք, մեկ անգամ լսելով, կարող է ասել, թե ինչի մասին է։

Այս երգը (և ոչ միայն), ինչպես վերևում նշեցինք, ներկայացնում է մերօրյա հայ երիտասարդների մի ամբողջ սուբկուլտուրա։ Առաջին հայացքից շոկային կարող է լինել  թմրանյութերի մասին ուղղակի խոսքը։ Բայց արվեստին ուղղակիորեն դիտարկելը անմտություն կլինի։

«Արգելված պտղի» մասին վերջին 10 տարում նույնպես եղել են անդրադաձներ (հիշենք «Կարգին հաղորդում»), սակայն հայկական երաժշտության մեջ սա բացառիկ է երևույթ է։ Ու հետաքրքիր է, որ այս թեմատիկայով հետաքրքրվողների թիվը չափազանց շատ է (համոզվելու համար կարող եք տեսնել Միշոյի երգերի դիտումները Youtube-ում)։

Ազգային կեղծ ու հնացած անվանդույթներից անկախանալու տեսանկյունից սա մեծ քայլ է, չնայած, որ շատ վաղ է խոսել մշակութային հեղափոխության ու առաջընթացի մասին։

Այս միտքը հաստատելու համար լավագույն օրինակ կարող է ծառայել վերջերս հայկական շոու-բիզնեսում մեծ աղմուկ բարձրացրած Շպռոտի «Գարուն եկավ» տեսահոլովակը իր «մեծ ու փոքր ծիծակներով»։ Ազգային տարազով կիսամերկ Շպռոտը այնպիսի մշակութային շոկի ենթարկեց հայ հասարակությանը, որ տեսահոլովակի մեկնաբանությունների հատվածը փակեցին, քանի որ մեր հազարամյակների քաղաքակրթություն ունեցող ազգը ցանկանում էր «վառել» ու «հողին հանձնել» հայ երգչուհուն։

 

Հովհաննես Եսայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее