
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել, թե որտեղ են և և ինչով են հիմա զբաղվում տաղանդներ բացահայտող հայաստանյան նախագծերի հաղթողները: “Հայ Սուպերսթար”, «Հայաստանի ձայնը» , X-Factor, «Պարի’ր, թե կարող ես» և այլն…Այս բոլոր նախագծերն ապահովում էին տվյալ հեռուստաընկերության համար բարձր դիտողականություն, հեռուստադիտողի համար՝ լավ ժամանց, մասնակիցների համար՝ բեմում երգելու, հանդիսատեսին ներկայանալու, պայքարելու , սիրվելու և, ի վերջո, հաղթելու լավ հնարավորություն: Միայն թե, նախագծի ավարտից հետո, հեքիաթը նույնպես ավարտվում էր ….Շատ-շատերը, ովքեր սիրվեցին և հաջողության հասան նախագծերի շրջանակներում, դրանց ավարտից հետո մոռացվեցին և դադարեցին իրենց գործունեությունը:
Այս անգամ անդրադառնանք «Հայաստանի ձայնը» և X-Factor նախագծերին :
«Հայաստանի ձայնը» առաջին եթերաշրջանի հաղթողը Մերի Մնջոյանն էր: Նախագծում նրա մարզիչը երգչուհի Սոնան էր: «Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո Մերին մասնակցեց ”Նոր ալիք” երգի մրցույթին՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, ապա «Հայաստան» երգի հիման վրա նկարահանեց տեսահոլովակ, բացի այդ երգում էր Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբում, որի հետ ներկա է գտնվել Իտալիայում Հռոմի պապի մատուցած պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս պահին շաբաթվա մեջ մեկ օր Մերին երգում է երևանյան ակումբներից մեկում. «Իրականում այնքան չնչին գումար եմ ստանում իմ աշխատանքի դիմաց, որ ես դա անում եմ ուղղակի իմ փորձի և ճանաչման համար»,-ասում է նա:
Աննա Խանչալյանը “Հայաստանի ձայնը 2” երաժշտական նախագծի հաղթողն է: Նրա մարզիչը նախ հայկոն էր, հետո՝ Քրիստինե Պեպելյանը: Աննան եկել էր Վրաստանից և նախագծի ավարտից հետո վերադարձավ Վրաստան, որտեղ իր քույրիկի հետ որպես դուետ մասնակցեց “Բռավո” երաժշտական նախագծին և Վրացական “Տաղանդներ” նախագծին: «Եթե համեմատենք Վրաստանն ու Հայաստանը, ապա այնտեղ այս պահին ավելի ճանաչված եմ»,-հարցազրույցներից մեկում ասել էր նա: Ի դեպ՝ Աննան “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթող վրացական “Candy” խմբի երգչուհիներից էր:
Իրանահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանը “Հայաստանի ձայնը 3” երաժշտական նախագծի հաղթողն է: Սակայն մինչ այդ, նա հանրությանը հայտնի էր “Հայ սուպերսթար 4” նախագծից, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ: Ռաիսայի մարզիչը “Հայաստանի ձայնը 3”-րդ նախագծում երգչուհի Սոնան էր: Նախագծի ավարտից հետո նրան եթերում չենք տեսնում, բայց Ռաիսան շարունակում է երգել, նա ունի իր բենդը , որի հետ ելույթ է ունենում երևանյան ակումբներում:
Վրեժ Կիրակոսյանը “X-Factor” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Նա Գիսանե Պալյանի թիմում էր: “X-Factor” նախագծի հաղթողին հնարավորություն է ընձեռվում երկու սինգլ ձայնագրել աշխարհահռչակ “Sony Music” ընկերության հետ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել: Վրեժը դեռեւս 2012-ի սեպտեմբերին նշել էր , որ առաջին սինգլի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, բայց հանրությունը դեռեւս չի լսել այդ ձայնագարությունները և չի կայացել տեսահոլովակի պրեմիերան: Վրեժը նշել է, որ դրանք զուտ տեխնիկական խնդիրներ են: Վրեժը հաղթանակից հետո նաև մասնակցեց «Սլավոնական բազար» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրել է 13-րդ տեղը: Այս պահին Վրեժն ակտիվ չէ երգարվեստում. «Այսօր, օրինակ, տեսահոլովակ նկարահանելը մեծ գումարների հետ է կապված: Այդքան գումար վաստակելու համար հարկավոր է երգել ակումբում կամ ռեստորանում, ինչն իմ սկզբունքներին պարզապես դեմ է,- հարցազրույցներից մեկում ասել է նա: Ի դեպ՝ Վրեժ Կիրակոսյանը Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրենն է:
Շարունակություն՝սկզբնաղբյուր կայքում