▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանը բոլորեց քառորդ դարը

Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Օրրանը տոնեց իր գործունեության 25-ամյակը։ Քառորդ դար առաջ Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների սրտում ծնված գաղափարը դուրս գալով Օրրանի պատերից վերածվել է մի մեծ ընտանիքի, որի շուրջ հավաքվել են անհատներ և կազմակերպություններ աշխարհի տարբեր անկյուններից՝ կանգնելով կարիքավոր ընտանիքների կողքին։ Արմինե Հովհաննիսյանը ողջունելով ներկաներին նշեց. «Հնում, երբ Հայաստանում նոր տուն էին կառուցում, շաղ էին տալիս ցորենի հատիկները, որպեսզի տունը միշտ առատ հաց ունենար։ Ես եւ Րաֆֆին ցանեցինք այդ հատիկները 25 տարի առաջ, բայց դուք էիք, որ ջրեցիք այդ ծիլերը, եւ այսօր մենք ունենք առատ Օրրան»:

Միջոցառումն ուներ ընտանեկան ջերմ հավաքույթի բնույթ. բոլոր հյուրերը մարդիկ էին, ովքեր որևիցե կերպ իրենց հետքն էին թողել Օրրանի պատմության մեջ։ Եվ թեպետ այդ օրը բոլորը հավաքվել էին մեկ խորհրդանշական սեղանի շուրջ, պետք է խոստովանել՝ աշխարհում չկա այնքան մեծ սեղան, որը կկարողանար տեղավորել Օրրանի բոլոր բարեկամներին։

Երեկոյի ընթացքում Օրրանի կայացման և զարգացման անբաժանելի մասը դարձած Ռալֆ Յիրիկյանն ու Գրիգոր Գրիգորյանը ճանաչվեցին որպես Օրրանի հենասյուներ։ Ներկա էին նաև հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր նահանգներից, Անգլիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մեքսիկայից ովքեր հատուկ ժամանել էին Հայաստան միջոցառմանը մասնակցելու համար։ 

Միջոցառմումը բեմադրել էր Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, հանդիսավարներն էին Օրրանի բարեկամներ, հեռուստամեկնաբաններ Արտակ Հերիքյանը, Էռնա Էլիզբարյանը, Գոհար Գասպարյանը, Հերմինե Ստեփանյանը, ինչպես նաև Տուրիզմի միացյալ ֆեդերացիա ՀԿ-ի նախագահ Սեդա Աղբալյանը, Դասավանդի՛ր, Հայաստան ՀԿ-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը, «Golden Grape ArmAs»-ի գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը։ 

«Էնի Ռոուզ» հարսանյաց և ծաղկի սրահը ապահովել էր հանդիսավոր ձևավորումը, «Բարս Մեդիա» կինոստուդիան պատրաստել էր վավերագրական ֆիլմերը, իսկ «Փոնքս Ստուդիոս»-ը իրականացրել էր Օրրանի երգչախմբի ձայնագրությունները։

Երեկոյի կազմակերպման գործում իրենց աջակցությունն էին ցուցաբերել նաև Օրրանի կորպորատիվ ընկերներ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն։

2000 թվականից ի վեր Օրրանը օգնություն է ցուցաբերել ավելի քան 40,000 ընտանիքի, իսկ 2020 թվականից սկսած՝ ավելի քան 28,000 Արցախցիների։ Այսօր Օրրանի Երևանի և Վանաձորի կենտրոններում ամեն օր տաք սնունդ, կրթական աջակցություն, արհեստագործական հմտությունների ուսուցում, հոգեբանական աջակցություն և մշակութային կրթություն են ստանում 270 երեխա։ Բացի այդ, Օրրանը հոգ է տանում 60 տարեցների մասին և իրականացնում է երիտասարդների մասնագիտական վերապատրաստման ծրագիր, որն արդեն ունի ավելի քան 1,400 շրջանավարտ Հայաստանի ութ մարզերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее