▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշ միամիտների մոտ տպավորություն է թողնում, թե պայքարը Կաթողիկոսի դեմ է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջարկում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի և հուլիսի 23-ի Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու ծրագրերը: Եթե հունիսի 10-ին նա համարում է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ» և կարող է արտաքուստ որոշ միամիտների մոտ տպավորություն թողնել, թե նրա պայքարը Կաթողիկոսի դեմ է, իսկ մտահոգությունը վերջինիս բարեվարքությունն է կամ դրան առնչվող ենթադրյալ հարցերը, ապա երեկ Փաշինյանն արդեն ավելի հեռուն է գնում ու հստակ արտահայտում իր նպատակը:
Այսպես, նա առաջարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-յով, այնուհետև նախատեսում է եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի շուրջ, և ապա միայն նախատեսում կաթողիկոսական ընտրություններ (ընդ որում, նախատեսում է միայն իրեն հայտնի մեթոդներով ստուգել «Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը»): Հուլիսի 23-ի Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չի թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ.ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ և ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ վճռական հարված հասցնելով հայ ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին:
Մի առանձին վերլուծության առարկա է սահմանված «չափանիշներին» համապատասխան «կազմակերպչական խմբի» և դրա ղեկավարի ընտրության հարցը: Հրաշալի պատկերացնելով ներկայացված չափանիշների պրակտիկ անկիրառելությունը՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն կհաջողվի «Աստծու օգնությամբ», «հոգու աչքերով» (հունիսի 10) կամ «հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությամբ» (հուլիսի 23) գտնել իր պատկերացրած թեկնածուներին: Դե իսկ ղեկավարի հարցում երկու կարծիք լինել չի կարող․ դա «ամենայն հայոց մարգարեն» է, որովհետև նա և միայն նա կարող է իրեն թույլ տալ նման միստիկ, իռացիոալ հայտարարություն. «Հասկանալի է նաև, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։ Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»: Բրավո: Ինչպիսի ԾԱՂՐ մարդկային բանականության նկատմամբ: Այս միտքը ռացիոնալ վերլուծության չի տրվում, քանի որ պարզ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ է և կարող է իր արժանի տեղը գրավել անթույլատրելի մտավոր մանիպուլյացիաների և տրամաբանական սխալների շտեմարանում:
Կարծում եմ՝ ակնհայտ ու պարզ է, որ հայ հասարակության աչքի առաջ, հավանաբար ակնկալելով այդ հասարակության միամիտ կամ միգուցե մանիպուլատիվ քարոզչության տակ գտնվող զանգվածի աջակցությունը, պետական իշխանությունը ամենաբարձր մակարդակով փորձ է անում կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, հրահրել հասարակական խժդժություններ և բախումներ, իրականացնել անօրինական, հակասահմանադրական գործողություններ՝ անուղղելի վնաս հասցնելով մեր երկրի և պետության միջազգային հեղինակությանը: Իսկ թե այդ ամենը ում շահերից է բխում, դատեք ինքներդ․․․»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее