ԵՊՀ-ում այսօր լրագրողները «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանից հետաքրքրվել են, թե արդյոք հանդիպե՞լ է «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ և քննարկել առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման հետագա ընթացքն ապահովելու հնարավորությունները։

Աննա Հակոբյանը պատասխանել է, որ չի պատկերացնում մի իրավիճակ, երբ քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու շուրջ ինչ որ թեմա է քննարկվում կամ շրջանառվում։ Աննա Հակոբյանի խոսքով, եթե որոշ մարդիկ իրենից այդ թեմայի շուրջ խոսք կամ գնահատական են ակնկալում, ապա իրենց հիասթափություն է սպասվում, որովհետև ինքը ոչինչ չունի ասելու այդ թեմայի առնչությամբ։ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ բոլորը կաշխատեն և կկարողանան օգտակար լինել առողջական խնդիրներ ունեցող այդ երեխաներին։

Աննա Հակոբյանը նաև նշել է, որ ամուսնու քաղաքական որոշումների վրա բացարձակապես չի ազդում: Նրա խոսքով, առաջին տիկինների որոշելիքը չէ, թե երբ ուղեկցեն պաշտոնական այցերի ժամանակ իրենց ամուսիններին, երբ՝ ոչ:

Նա հիշեցրել է, որ Ռիտա Սարգսյանը ևս ուղեկցել է, ի տարբերություն, օրինակ, Բելլա Քոչարյանի, ով իր անձնական որոշումով էր հրաժարվել ուղեկցել ամուսնուն:

Ուսանողների հարցին, թե ինչպես է վերաբերվում նոր կառավարության երիտասարդ կադրերի գործունեությանը, Աննա Հակոբյանը պատասխանել է, թե որևէ կերպ չի վերաբերվում. «Նոր կառավարությանը կվերաբերվեմ որոշ ժամանակ անց, երբ գործունեության արդյունքները տեսանելի լինեն»:

Աննա Հակոբյանը նաև նշել է, որ դեմ է այն մոտեցումներին, երբ կառավարության հասցեին իր գործընկեր լրատվամիջոցների քննադատություններին մարդիկ շատ սուր և բացասաբար են արձագանքում:

«Լրատվամիջոցներն ազատ են իրենց քննադատություններում, ավելին՝ պետք է քննադատեն ավելին, եթե ուզում են հաջողի այս կառավարությունը»,-ասել է նա և կոչ է արել կա՛մ դադարեցնել նման քննադատությունները կամ ավելի ըմբռնումով մոտենալ, քանի որ եթե մամուլը չքննադատի, ցանկացած կառավարություն արագ կձախողի և ինչ արդյունքներ, որ սպասում են տվյալ կառավարությունից, չեն ապահովվի:


