armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականունը՝ Սերժուլիկ) այսօր ուղեկցող ոստիկանների ուղեկցությամբ բերվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Այս դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքի Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով, սակայն երկար չտեւեց: Նիստերի քարտուղարը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ այս անգամ էլ դատարան չի ներկայացել Սերժ Վարդանյանի պաշտպանը՝ նա հեռախոսազանգով տեղեկացրել է, որ այլ նիստով ծանրաբեռված է, ուստի այս նիստին ներկայանալ չի կարող: Բացի դա պաշտպանը տեղեկացրել է, որ Սերժ Վարդանյանը հրաժարվել է իր ծառայություններից: Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց ամբաստանյալ Վարդանյանից՝ թե ո՞րն է պատճառը, որ որերորդ անգամ փոխում է իր պաշտպանին: Սերժ Վարդանյանը այդ հարցին, սակայն չպատասխանեց, բայց ասաց, որ իր շահերը դատարանում կպաշտպանի Սամվել Ջաղինյանը: Հարցին, թե ինչո՞ւ չի ներկայացել, Սերժ Վարդանյանը կրկին պատասխան չուներ: Դատավորի մյուս հարցին, շարունակե՞լ նիստը, թե՞ հետաձգել, Սերժ Վարդանյանը անհոդաբաշխ նախադասություն ասաց, ինչին ի պատասխան դատավորն ասաց. «Նորմալ ձեւակերպեք ձեր խոսքը»: Վարդանյանը, ի վերջո միջնորդեց հետաձգել դատական նիստը: Նիստը հետաձգելիս դատավոր Գագիկ Պողոսյանը դիմելով Սերժ Վարդանյանին խիստ տոնով ասաց. «Ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում. նոր փաստաբանը Ձեր հետ պայմանագիր է կնքելու եւ ձեր համաձայնությամբ պետք է գա դատարան ու ծանոթանա գործի նյութերին, որպեսզի հաջորդ նիստին չգա ասի՝ ինձ ժամանակ է պետք նյութերին ծանոթանալու համար: Դա ո՛չ ձեր շահերից է բխում, ո՛չ մեր: Արդեն որերորդ տարին է՝ ձեր գործը քննվում է, անընդհատ ձգձգվում է կամ չեք ներկայանում, կամ պաշտպան եք փոխում, կամ այլ պատճառով»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


