Aysor.am-ը գրում է.
Սերիալներից արդեն իսկ բավական ճանաչված երիտասարդ դերասաններ Բեն Ավետիսյանը և Գարիկ Սաֆարյանը, որոնց վերջին շրջանում հանդիպում ենք «Կենտրոն» հեռուսաընկերության «Երանի» սերիալում՝ Արամի և Ֆելոյի կերպարներում, երեկվանից համալրում են երիտասարդ բիզնեսմենների շարքերը:
Երևանի Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող «Զանգու» ռեստորանային համալիրն այլևս աշխատում է նրանց տնօրինությամբ: Այդ մասին կայքին տեղեկացրեց բաժնետերերից Բեն Ավետիսյանը:
«Երկարաժամկետ պայմանագիր ենք կնքել ու վարձակալել ռեստորանային համալիրը: Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր մարդ, մեր նպատակը ևս գումար աշխատելն է: Երեկ առաջին օրն էր, որ մենք ենք աշխատեցինք, արդարացված կամ չարդարացված որոշման մասին խոսելու համար շատ շուտ է: Բայց, կարծում եմ, դժգոհ չենք մնա: Մեր շրջապատը մեծ է, վստահ եմ՝ բոլորն էլ ցանկություն կունենան մեզ մոտ անցկացնելու իրենց տոները: Երկրպագուներն էլ անմասն չեն մնա»,-նշեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը, որ գուցե շատերը փորձեն առիթից օգտվել և ընկերական, բարեկամական հարաբերություններն ի նպաստ իրենց օգտագործել, փորձելով սեփական միջոցառումներն անվճար անցկացնել, պատասխանեց.
«Բոլորս էլ հասուն մարդիկ ենք ու կարող ենք միմյանց ընդառաջել. եթե մարդը ցանկանում է որևէ միջոցառում անել, բնականաբար, որոշակի գումար է նախատեսում այդ միջոցառումը կազմակերպելու համար: Իհարկե, ոչ թե «ձրի», այլ ավելի մատչելի այդ ամենը կկազմակերպենք՝ լինի հարազատի, ընկերոջ, երկրպագուի, թե ուղղակի ցանկացած դիմողի համար: Անվճար միջոցառում խոստանալը սուտ կլինի, չէ՞ որ ամեն դեպքում գործնական հարաբերությունները պետք չէ խառնել անձնականին»:
Թե որքան գումար է անհրաժեշտ գործարար աշխարհ մտնելու համար և բախվել են արդեն հարկային դաշտի հետ կապված խնդիրների, դերասանն ընդգծեց.
«Նայած, թե ինչ գործ ես ուզում սկսել: Եթե երկու հոգով են, ցանկալի է՝ յուրաքանչյուրը 5-6 հազար դոլար ներդնի: Իսկ հարկային դաշտում դժվարություններ չկան, ամեն ինչ նորմալ է ընթացել: Օրենքի սահմանում ենք գործում ու գործելու, օրենքից դուրս երբեք ու ոչինչ չենք անելու»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում