
«Պետք է տարանջատենք ռազմաքաղաքական և մարդասիրական ոլորտները: Մարդասիրական առումով, սա մեզ համար, իհարկե, ողբերգություն է: Ողջ Արցախը սգում է մեր տղաների մահը, յուրաքանչյուրը սա ընդունում է որպես իր անձնական ողբերգություն, ինչ վերաբերում է ռազմաքաղաքականին` որևէ տարօրինակ բան տեղի չի ունեցել, նույն ահաբեկչական գործողություններն են, նույն ֆաշիստական քայլերն են, որոնք հակառակորդը երբևիցե չի էլ դադարել կատարել: Ամեն անգամ իրենք գնում են նման ահաբեկչությունների, չէ՞ որ ահաբեկիչներն էլ երբեք չեն բռնվում մարտի, միշտ ամեն ինչ անում են գաղտնի ձևերով և թաքստոցներից: Այս ամենն իր ոճով ոչնչով չի տարբերվում Լոնդոնի, Փարիզի և այլ նմանատիպ ահաբեկչություններից»,- Asekose.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով երեկ շփման գծում տեղի ունեցածին, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ:
Ըստ Դավիթ Բաբայանի` այս ամենը կարող է լինել Ադրբեջանի պատասխանը Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանը.
«Ինչ-որ առումով սա կարելի է համարել նրանց պատասխանը: Կարծում եմ, որ Միսկի խմբի համանախագահների հասցեական միակ հայտարարությունը որպեսզի չդիտարկվի որպես բացառություն կամ անհեթեթություն, ինչպես դա որակում է Բաքում, նրանք պետք է օրեր անց Բաքվում կայանալիք այցելության ժամանակ հանդես գան նոր և շատ կոշտ հայտարությամբ, որպեսզի հակառակորդն էլ հասկանա, որ սա ոչ թե անհեթեթություն է, այլ` օրինաչափություն: Այսինքն` զինադադարը խախտելու դեպքում ստանալու են համարժեք պատասխան միջազգային հանրության կողմից»:
Դավիթ Բաբայանի խոսքով` հայկական կողմի պատասխանն էլ պետք է լինի նույնը.
«Ցանկացած նման ոտնձգություն պետք է կասեցվի և կասեցվելու է»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդի կրակոցի հետեւանքով 3 զինծառայող է զոհվել: Ըստ ՊԲ պաշտոնական տեղեկատվության՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան


