▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդուս հիշատակին․․․

Զոհված զինծառայող Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՐԴՈՒՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայրս Դավիթին շատ խոր ու նուրբ էր սիրում․․. երբ Դավիթը զոհվեց, հայրս կենդանի չէր․․․ նա ինձ խնդրում էր ուշադիր լինել Դավիթի հանդեպ, ասում էր՝ «Դավիթը իր հոգուց, էներգիայից շատ-շատ բան է տալիս կողքի մարդկանց, նրան պետք է շատ սիրեք, որ այդ ամենը մի քիչ փոխհատուցվի»։ Տղաս ծնվել էր Երևանում, բայց շատ խոր զգում էր աշխարհից հեռու Տավուշի մթամած անտառներում ապրող պարզ մարդկանց, իր արձակուրդին կապվում էր նրանց հետ ու նրանցից վերցնում նրանց աշխարհը, դարձնում իրենը։ Սիրում էր ծունկ չոքել սարերի գուշերի առաջ ու խմել սառնորակ ջուրը կամ պառկել խոր անտառով հոսող ջրերի մոտ ու խմել այդ ջրերից, սարվորներից էր սովորել:
Ինձ հետ վառվող մոմերի լույսի տակ երկար նստում էր Լյուքսեմբուրգի Նոտր-Դամ տաճարում, ֆրանսիական, գերմանական տաճարներում, որոշել էի իրեն ցույց տալ Եվրոպայի միջնադարը՝ երգեհոնի ծանր հնչյունների տակ, հետո ինքը բողոքում էր, որ այդ ամենը ճնշող է ու դուրս էր գալիս արևի տակ, արև շատ էր սիրում: Ես միշտ զարմանում էի, թե ինչքան լավ են նրա մեջ միացած քաղաքը, Երևանը և Տավուշի խոր անտառները․․․
Ամռանը, արձակուրդին, երբ քրոջ հետ սարերում էր, ամեն օր մի քանի անգամ զանգում էի, երբ հայրս էր պատասխանում, առաջինը ասում էր՝ «գիտեմ ինչի համար ես անհանգստանում, հանգիստ եղիր,- ասում էր,- բոլոր կացինները պահել եմ, չի կարողանում գտնել»։ Դավիթը մի առանձնահատուկ հակում ուներ փայտ կտրելու սուր, բերանը փայլուն մեծ կացինների հանդեպ, որոնք սովորեց վարպետորեն օգտագործել: Կարդում էր Ռեմարկ, բանակ գնալուց առաջ վերջին կարդացած գիրքը երևի Ջեկ Լոնդոնի Մարտին Իդենն էր, դրանից առաջ իր համար հայտնագործել էր Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը»․․․ ֆիլմերը նայում էր, համեմատում ամռանը սարերում իր տեսած կերպարների հետ․․․ ինձ հետ ծիծաղում, քննում էր նմանությունները։
Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը, նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից՝ Սյունիքի լեռներում՝ Շիկահողից վերև սարերում տեղավորված 122 դիրքում: Ինձ համար նա միայն իմ որդին չէր, նա իմ լավագույն ընկերներից էր ու կյանքում իմ տեսած լավագույն մարդկանցից մեկը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее