Այսօր՝ մարտի 21-ին, Տիկնիկների միջազգային օրը Երևանում առաջին անգամ բացվեց Տիկնիկների պատկերասրահը ( Երևան, Աբովյան փ. 1/1)։ Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հղած նամակում առաջարկել էր Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը, որն այժմ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավարն է։ Թանգարանի գաղափարի իրագործումը հնարավոր է դարձել մասնավոր անձի ներդրման շնորհիվ։
Մշտական ցուցադրանքում կլինեն հայկական ծիսական, հնաոճ, խորհրդային տարիների, հեղինակային, թատերական, հուշանվերային տիկնիկները, ինչպես նաև տիկնիկներ՝ անվանի հայերի հավաքածուներից։
Պատկերասրահում ցուցադրված էր օրինակ՝ առաջին խոշոր նվիրատուի՝ ամերիկահայ Ալիս Նավասարգյանի հավաքածուն (192 տիկնիկ)։ Հավաքածուում հայտնի անգլիացի տիկնիկագործ Նիսբեթի կոլեկցիոն տիկնիկներն են, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների հուշանվերային, տարազային տիկնիկներ, որոնք Ալիսը հավաքել է 40 տարիների ընթացքում:
«Պատկերասրահի գլխավոր խնդիրը տիկնիկը նոր որակով ներկայացնելն է, որովհետև մեր հասարակության մոտ, ցավոք, տիկնիկը ընկալում են որպես հուշանվեր կամ խաղալիք, բայց չէ՞ որ այն մեծ իմաստ ունի, ավեստի գոծ է, կատարում է կրթադաստիարակչական, գեղագիտական ու բուժիչ գործառույթներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը՝ հավելելով.

«Մեծ ուրախությամբ որդեգրում ենք բոլորին, հանգիստ եղեք, ձեր տիկնիկները շատ լավ պայմաններում են պահվելու»:
Ինչ վերաբերում է պատկերասրահ մուտք գործելու համար նախատեսված գումարի արժեքին, ապա պատկերասրահի գեղարվեստական ղեկավարի փոխանցմամբ՝ այն պարզ կլինի 2 օրից:
Պատկերասրահի բացմանը ներկա էր նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նշեց, որ սա թանգարանային գործում առաջին համագործակցությունն էր մասնավորի ներդրողի հետ:
«Շուրջ 60.000 դոլար է ներդրվել, ընթացքում շարունակվելու է»,-լրագրողներին ասաց նախարարը:
Արմեն Ամիրյանը նշեց, որ դեռ սպասում է այն տիկնիկին, որը կլինի ամենասիրելին իր համար, քաղաքին կբերի նոր գույն ու շունչ:
Անի Կարապետյան


