2017թ. մայիսի 14-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ցանկություն ունի տեսնել նվիրված անձանց:
«Մենք կորցրել ենք քաղաքի դեմքը: Չենք կարողանում ներկան ու անցյալը միացնել: Հինը քանդում, նորն են կառուցում: Շատ տգեղ երևույթ է: Օպերայի բակում բարբարոսություն է: Մի շարք սրճարաններ են: Հիմա էլ ներսում ռեստորան են ուզում բացել: Վախենամ՝ Մատենադարանում էլ սարքեն: Սպասում եմ՝ փող ունենամ, առնեմ լրիվ քանդեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործը՝ հավելելով.
«Ամեն ինչ վատ է, այդ թվում նաև Էկոլոգիան: Կուզենայի, որ քաղաքաշինությանը ուշադրությունը դարձնեին: Չեմ հասկանում նաև պատերին նկարելը: Երաժշտական դպրոցի պատից նոտաներ են կախել, որ իմանան՝ երաժշտական դպրոց է: Մի հատ էլ դաշնամուր կախեք»:
Շարունակելով վերջինին՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը նկատեց.
«Երևանն իր կերպարը, միջավայրն ուներ: Գիտե՞ք, քաղաքը ոչ միայն հարամար ապրելու, այլև կրթվելու համար է: Տիկնիկային թատրոնի մասին մեր բակից եմ իմացել՝ գալիս էին այնտեղ, իսկ Կիրովի այգում ժամը 5-ից հետո լինելը բոլոր երեխաների երազանքն էր: Երգ, պար, ուրախություն էր: Բաներ կան, որոնք պետք է մնան: Օրինակ արտերկրում սրճարան եմ տեսել, որի պատերը չէին ներկել մոտ 70 տարի, որպեսզի հայտնի մարդկանցից մեկի ստորագրությունը մնար: Երևանն էլ էր այդպիսին: Ցանկալի կլինի, որ նոր ավագանին ուշադիր լինի կերպարի պահպանման առումով: Պետք է գնահատենք մեր հարստությունը, շատ անփույթ ենք»:
Անի Կարապետյան


