Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով բալիկների ծնունդից հետո էկրաններ է վերադարձել բոլորովին վերջերս: Դերասանուհին այժմ նկարահանվում է «Շանթ» Հ/Ը «Թաքնված սեր» հեռուստասերիալում եւ ինչպես ինքն է նշում՝ աստիճանաբար հետ է վերադառնում աշխատանքային նախկին ռեժիմին.
«Մեկ ամիս է, ինչ նկարահանվում եմ «Թաքնված սեր» հեռուստասերիալում ու արդեն աստիճանաբար սովորում եմ նկարահանումների ընթացքին ու առանձնահատկություններին: Դադարս երկար էր ու հիմա մի փոքր բարդ է վերադառնալ այդ ռեժիմին, քանի որ երկու երեխա ունեմ ու օրս կազմակերպելը երբեմն բարդ է դառնում: Ինչեւէ, ամեն ինչ անում եմ, որպեսզի թե ինքս ինձնից գոհ լինեմ, թե սերիալի կազմակերպիչները, հատկապես, որ նրանց հետ արդեն փորձ ունեցել եմ աշխատելու, ծանոթ եմ գործընկերներիս, փորձում ենք փոխզիջմամբ իրար հասկանալ»,- պատմեց Օլյան ու նշեց, որ նպատակ ունի ավելի շատ կենտրոնանալ կարիերայի զարգացման վրա:
Դադարից հետո իր դերասանական խաղի վերաբերյալ խոսելիս Օլյան նշեց.
«Իհարկե, դերասանը երբեք չի կարող գոհ լինել իր աշխատանքից, այլապես կնշանակի, որ նա սպառված է: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի լավ մատուցեմ կերպարս, վստահ եմ, որ ապագայում ավելի կկատարելագործվեմ»:
Օլյան էկրաններ է վերադարձել կրկին ոչ դրական կերպարով. Նա ռեժիսորների նման ընտրությունը չգիտի՝ ինչպես բացատրի.
«Չգիտեմ ինչու, ռեժիսորները ինձ միշտ վստահում են ուժեղ, իսկ այս դեպքում նաեւ բացասական դեր: Իսկապես չգիտեմ այդ հարցի պատասխանը, «Թաքնված սեր» հեռուստասերիալում խաղում են նաեւ Սոֆյա Պողոսյանն ու Մարիամ Ադամյանը, որոնց հետ արտաքին նմանություններ ունենք, բայց նրանք դրական կերպարներ են մարմնավորում, ուստի չեմ կարող ասել, որ ռեժիսորների նման ընտրությունը արտաքնիս հետ է կապված: Ինչեւէ, ես չեմ նեղվում ու չեմ վախենում, որ մարդկանց մեջ այդպես կտպավորվեմ, թեպետ շատ մարդիկ զարմանում են, երբ տեսնում են, որ իրական կյանքում ժպտերես մարդ եմ. Ապագայում էլ մեծ սիրով կցանկանամ կերտել մինչ այս մարմնավորածս կերպարներից տարբերվող դերեր:
Հետաքրքրվելով, թե իր դերասանական խաղի վերաբերյալ ինչ կարծիք ունի ամուսինը՝ Աբել Աբելյանը, Օլյան նկատեց.
«Աբելը եւս իր խորհուրդները, անհրաժեշտության դեպքում նաեւ դիտողություններն է ինձ տվել, իսկ ես հաշվի եմ առնում բոլորի կարծիքը: Ընդհանուր առմամբ հեռուստադիտողի կողմից դեռեւս արձագանքներ չեմ լսել, չէ որ դեռ մեկ ամիս է անցել, ինչ եթերում եմ»:
Օլյայի աշխատանքային զբաղվածության ընթացքում բալիկներին խնամում է դայակն ու դերասանուհու մայրիկը.
«Բացակայությունս այնքան էլ երկար չի տեւում, բայց մենք ունենք հրաշալի դայակ, ով սրտացավորեն պահում է երեխաներիս, նաեւ մայրս ու մեր հարազատներն են ինձ օգնում, ինչի համար շատ ուրախ եմ. լավ է, որ վստահելի մարդկանցով ես շրջապատված»,- նշեց Օլյան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում