Երեկ անդրադարձել էինք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանից ուսանողների ու դասախոսների դժգոհությանը:
Նրանք դժգոհում էին տիրող մթնոլորտից, որն առկա է վերջին 7 տարիների ընթացքում: Անարդարություն, արտոնյալ մարդիկ և այլն:
Պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի խոսքով՝ ամեն փայլուն դաշնակահարը չէ, որ կարող է ղեկավար լինել:
«Մարդը, երբ դառնում է ղեկավար, պետք է հասկանա, որ ինքն է ծառայում կոլեկտիվին, ոչ թե հակառակը: Սեփական շահերը, տրամադրությունը, հարաբերություններն ու ճաշակը, իր ուսանողների շահերը կապում է կոլեկտիվի վզին, խեղդում է այնքան, մինչև ընդունես իր խաղի կանոնները, իսկ եթե ոչ, սկսվում է հալածանք՝ ուսանողների ու դասախոսների նկատմամբ: Ամեն ինչ՝ գնահատականները, վճարովի, անվճար համակարգերն իր ձեռքում է կենտրոնացրել: Իր համար անգամ նշանակություն ունի, թե ո՞ր դասախոսի մոտ է սովորում ուսանողը, և, եթե դա իր չսիրածն է, վերջ, կորած է: Եթե ձեռքում ճար է լինում, իրեն ոչ հաճելի մարդկանց ձգտում է հանել ասպարեզից: Հանձնաժողովներում էլ իր մարդիկ են.հաճախ թելադրում է, թե ինչպե՞ս գնահատեն մարդուն: Նա նայում է, թե այդ դասախոսն ի՞նչ լավ ուսանողներ ունի ու այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ նրան տանի այդ դասախոսի մոտից: Քաշում է դեպի իրեն: Ստեղծված է բաբախանյականների և ոչ բաբախանյականների մթնոլորտ»,-ասել էր Մարգարիտ Սարգսյանը:
Ուսանողների խոսքով՝ գնահատում են այնպես, որպեսզի որոշ ուսանողներ չկորցնեն անվճար սովորելու հնարավորությունը: Ամեն ինչ սկսվում է անվճար-վճարովի տեղի շուկայական հարաբերություններից: Անվճար բաժնում սովորում են իր ցանկացած մարդիկ:
Ասում էին՝ որոշել են հիմա հարցը բարձրացնել, պահանջել նրա հրաժարականը, քանի որ մինչ այդ Արմեն Բաբախանյանի մեջքին կանգնած էին մարդիկ, ովքեր նրան անձեռնմխելի էին դարձնում:
Այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում քննություններին զուգահեռ քննարկվում էր նաև այդ հարցը: Դեկանատի մոտ հավաքվել էին Արմեն Բաբախանյանի ուսանողները, իսկ դեկանը ցանկանում էր հանդիպել դժգոհող կողմի հետ, խոսել:
Asekose.am-ի հարցին՝ ընդունո՞ւմ է այն մեղադրանքները, որոնք արվել են, Արմեն Բաբախանյանը պատասխանեց.
«Այսօր ես կանչել եմ ուսանողներին, ուզում եմ հանդիպել նրանց հետ: Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, ապա դրանք զգացմունքայնության դաշտից են: Սա հաղթեց մրցույթում կամ նա և նման խոսակցությունները բուհերում ամեն օր են»:
Հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ իր ուսանողներն են հիմնականում անվճար բաժիններում հայտնվում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկանը նշեց.
«Դա ճիշտ չէ: Սխալ ինֆորմացիա են տարածում: Ունեմ և՛ անվճար և՛ վճարովի հիմունքներով սովորող ուսանողներ»:
Անդրադառնալով դասախոսներից ուսանող «փախցնելուն», Արմեն Բաբախանյանը նկատեց.
«Դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Հասկացե՛ք, եղել է մեկ-երկու դեպք, բայց Դուք հարցին այլ տեսանկյունից պետք է նայեք: Ուսանողը գալիս է պրոֆեսիոնալ կրթություն ստանալու համար: Օդի մեջ ասել պետք չէ, թող փաստերով մարդիկ խոսեն: Մտածե՛ք նաև այն մասին, թե ինչո՞ւ է ուսանողը մեզ մոտ դասախոսին փոխում: Մտածե՛ք, թե ինչո՞ւ են գալիս ինձ մոտ: Ոչ ոք չի ասել, որ ես պրոֆեսիոնալ չեմ, բոլորն ասում են, որ լավ մասնագետ եմ, գուցե դրա՞ համար են գալիս»:
Դեկանին շրջապատել էին նրա ուսանողները, որոնց հետ նույնպես զրուցեցինք: Նրանք ժխտեցին այն պնդումները, թե իրենց դասախոսի նման մյուս ուսանողներին «վերևից են նայում»: Ասում են՝ գուցե ոմանց պահանջն արդար է, կարող էին մտնել դեկանատ ու ստանալ իրենց հարցերի պատասխանը, աղմուկի իմաստը չենք հասկանում:
«Մեր կուրսեցիները մեզ հետ չեն շփվում ու դա մենք չենք հասկանում: Եթե Արմեն Բաբախանյանին չճանաչեինք՝ ասուլիսից ելնելով կմտածեինք, թե հրեշ է»,-ասացին դաշնամուրային ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Մարտին Շահբազյանն ու Խաչիկ Անդրեասյանը:
«Տարիներ է տևել, մինչև հայտնվել եմ իր դասարանում»,-ասաց մագիստրատորայում սովորող Արգինեն:
Անի Կարապետյան


