▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք խելքից պակաս չէ, որ օգտագործի.Գյուղատնտեսության փոխնախարարը ԳՄՕ պարունակող ապրանքների մասին

Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն անցկացնում է խորհրդարանական լսումներ՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ. այլընտրանք թե պարտադրանք» թեմայով։ Հիմնական զեկուցողն է Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Քննարկման մասնակից «Տապան-էկո» ակումբի ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչու էր պետք այս օրենքը նորից քննարկել. «Ստացվում է` որեւէ մեկը կասկածո՞ւմ է նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարողությունների վրա կամ մյուս մասնագետների ունակությունների վրա։ Ազգովի քննարկել ենք այս ամենը 14 տարի ու Կառավարությունն ընդունել էր որոշում, հետո ՀՀ պատգամավորների հզոր, բայց փոքր խումբ քննարկել է այս հարցը։ Բնապահպանության նախարարությունը հետ էր կանչել այս նախագիծը։ Վրացիներն արդեն եկան անցան, մենք դեռ դոփում ենք նույն տեղում»:

Աշոտ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ հարց տվող մասնագետը մասնակցել է երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը, ու նա գիտեր այս ամենի մասին. «Սա ընդամենը լսումներ են, քանի որ ԶԼՄ-ներում արդիականություն է ստացել թեման, դրա համար նպատակ կար բազմակողմանիություն ապահովել։ Այս լսումները նոր նախաձեռնություններով հանդես գալու մասին չէ, ու ոչ մեկ չի կասկածում մասնագետների պրոֆեսիոնալիզմի վրա։ Լսումներն անցկացվում են Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ։ Նպատակ ունենք ստեղծել այնպիսի մի փաստաթուղթ, որ կիրառելի լինի ու բացերը փակելու միտում ունենա»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր խոսքում նշեց, որ աշխարհի 30 երկրում ԳՄՕ պարունակող արտադրությունը արգելված է, սակայն ներմուծումը` ոչ. «Դա նշանակում է, որ խնդիր կա, նշանակում է, որ դեռ պարզ չէ ԳՄՕ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Այս ուղղությունը բավականին ժամանակ չի անցել, դրա համար զգույշ պետք է վերաբերվենք այս խնդրին։ Մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն Իտալիայի փորձը, որտեղ արգելված է ԳՄՕ արտադրությունը։ Ես ավելի շուտ կողմ եմ, որ արգելվի մեզ մոտ ներմուծումը ԳՄՕ պարունակող ապրանքների։ Օրինակ` Ղըրղզստանում թե արտադրությունը, թե ներմուծումը արգելված է»։

Փոխնախարար Հարությունյանն ի պատասխան նշեց, որ ընդամենը քաղաքացին պետք է զգուշացվի, որպեսզի նա հասկանա` գնի այդ ապրանքը, թե ոչ. «Ու մեկս խելքից պակաս չէ, որ օգտագործի այս մթերքը, սակայն այն դեռ բազմակողմանի քննություն պետք է անցնի։ Դեռեւս աշխարհի մակարդակով հարցը փակված չէ ու «այո»-ն ու «ոչ»-ը դեռ հստակ չէ։ Չպետք է ժխտել, որ ԳՄՕ պարունակող ապրանքները մարդկությանը փրկում են սովից. որտեղ անհրաժեշտություն կա քիչ ներդրումներով, օրինակ, բնապահպանական տեսանկյունից, ապա նման ապրանքներհ պետք է կիրառել, օրինակ` բարդիների արագ աճի համար։ Նույնիսկ հայկական արտադրանքի մեջը արդեն մակնշվում է, որ տվյալ ապրանքը զերծ է ԳՄՕ-ից։ Սա արդեն առաջընթաց է»։

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյան, փոխնախարարին հարց տալով, նկատեց. «Արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու դեպքում, մենք նման խնդիրների առաջ չէինք կանգնի։ Եթե այսօր ԳՆ-ն հայտարարի, որ չունի պոտենցիալ կամ քայլ չի արել նման գյուղատնտեսություն ունենալու համար, ապա մենք կասենք, որ անելիք չունենք այլեւս այս բնագավառում։ ՀՀ-ում չկա մարզ, որ չունի նախադրյալ արժեքավորված գյուղատնտեսության զարգացման համար։ Եթե թույլ տվեցինք, որ տրանսգենային տնտեսությունը զարգանա, ապա խնդրի առաջ ենք կանգնելու։ Վրաստանում, օրինակ, առոնց ԳՄՕ 18 գրանցված ապրանք կա, մինչդեռ ՀՀ-ում պատկերն անմխիթար է»:

Փոխնախարար Աշոտ Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք շահագրգռված են, որպեսզի առաջնահերթ զարգանա օրգանիկ գյուղատնտեսությունը։ Մենք օրնիբուն աշխատում ենք, սակայն եթե ձեր փորձն էլ բերեք, շատ լավ կլինի»:

Ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցին էլ նա վստահեցրեց, որ ինչքան հնարավոր է` իրենք քաղաքացիներին կոչ կանեին գնել մեր տեղական արտադրանքը. «Թող կանայք մտածեն մեր ազգի ֆիզիկական տվյալների աճի մասին, իսկ սննդամթերքի տեսանկյունից ՀՀ-ում ոչ մի վտանգ չկա, մասնավորապես սովի հետ կապված»:

a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее