▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժողովրդական երգ կկատարեմ. Լիլու

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Լիլուն օրեր առաջ է վերադարձել իր երկարաժամկետ շրջագայությունից և, ինչպես խոստովանեց BlogNews.am-ի հետ զրույցում, բավականին հոգնել է, բայց մեծ բավականություն է ստացել:
«Որքանով տեղյակ եմ, հայկական իրականության մեջ այդպիսի մեծ համերգային շրջագայություն երբևէ չէր եղել, որ 50 օրում 42 համերգներ լինեն, դա պարզապես աննախադեպ էր, և իմ հոգնածությունն անտանելի էր,- պատմեց Լիլուն,- չեմ կարծում, որ իմ կյանքում էլի կլինի նման շրջագայություն, մեկ-մեկ երբ մտածում եմ, հասկանում եմ, որ իմ բոլոր տարիների աշխատանքի արդյունքը և գնահատականն էր այն, որ այդքան լավ ու ջերմ ընդունեցին ինձ»:
Երգչուհին շրջագայության մեկնել էր Աիդա Սարգսյանի, Արաբո Իսպիրյանի և Ներսիկ Իսպիրյանի հետ։ Վերջինիս մասին խոսելով` Լիլուն ասաց. «Մեծ պատիվ է ելույթ ունենալ նման լավ անձնավորության և մեծ վարպետի հետ, որովհետև նրա երգերը և ստեղծագործություններն իրական արժեքներ են, որովհետև մենք երգում ենք ժամանցային երգեր, և մեր արվեստն անցողիկ է, իսկ նրանցը մնայուն է, քանի որ ազգագրական է և ազգային»:

«Որպեսզի չառանձնանամ համերգային թեմատիկայից, հանդիսատեսի համար կատարեցի ժողովրդական երգ,- նշեց Լիլուն,- դա անակնկալ եղավ բոլորի համար: «Մամ ջան, մամ ջան» երգն էի կատարել, և պատկերացրեք՝ բոլորի մոտ մեծ արձագանք ստացավ այդ երգը, քանի որ ոչ ոք իսկապես չէր պատկերացնում, որ ես կկատարեմ ժողովրդական երգ»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միտք ունի ժողովրդական երգ ներկայացնել։ Նա պատասխանեց, որ շատ-շատ են իրեն դրա մասին ասում, պարզապես ժողովրդական երգ ներկայացնելու համար պետք է լավ մտածել, որ սխալ ընտրություն չլինի: «Ես այդպիսի երգ կատարեցի համերգի ընթացքում, և արձագանքները շատ լավն էին,-ասաց Լիլուն,- բայց ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Իհարկե, ոչինչ չեմ բացառում, գուցե ես այն անեմ իմ մեկնաբանությամբ»:

Երգչուհին համերգային արշավի ժամանակ երգելուց բացի նաև վարել է համերգը, և հանդիսավարի պաշտոնում առաջին անգամ չէ, որ ներկայանում էր։ «Վարել էի միջոցառումներ մի քանի անգամ, բայց ոչ մեծ համերգների ընթացքում, դա էլ իր հետաքրքությունն ուներ»,- խոստովանեց նա:

Հետաքրքիր է, որ երբ երգիչ-երգչուհիները հայտարարում են, որ մեկնում են շրջագայության, պարզվում է, որ համերգներն անցել են ոչ թե դահլիճներում, այլ ռեստորանային համալիրներում. «Մեր դեպքում այդպես չի եղել, նույնիսկ երբ իմ պրոդյուսերը խոսում էր կազմակերպիչների հետ, մեկ այլ մարդ առաջարկել էր երգել ռեստորանային համալիրում, բայց կազմակերպիչը մերժել էր՝ ասելով, որ երգերը պետք է վայելեն դահլիճում»:
Երգչուհին նշում է, որ դրսում արտիստին ավելի թանկ են գնահատում, և համերգի տոմսերն էլ թանկ էին վաճառվում. «Երբ գները համեմատում էինք ռուսական արտիստների համերգների գների հետ, ստացվում էր, որ նրանց չենք զիջում: Բնական է, որ այնտեղ ապրելակերպն էլ է ուրիշ, ստացած աշխատավարձն էլ, դրա համար էլ տոմսերն այդքան թանկ էին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее