armtimes.com-ը գրում է. Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր երկրորդ անգամ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետեւանքով:
Մինչ այդ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար համալիր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Պաշտպանի խոսքով՝ դեպքից երկու ամիս առաջ իր պաշտպանյալը դիմել է բուժօգնության՝ գանգատվելով դյուրագրգիռությունից, ձեռքերի դողից, քնի խանգարումից: Չիչոյանի մոտ ախտորոշվել է աստենոնեւրոտիկ համախտանիշ, նշանակվել է դեղորայքային բուժում: «Այս փաստական տվյալներն ուսումնասիրելուց հետո մեզ համար պարզ դարձավ, որ Արտաշես Չիչոյանը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ինչն ակնհայտ է դեպքից դեռեւս երկու ամիս առաջ տված ախտորոշումից»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն եւ մի շարք հարցեր ուղղել փորձագետին: «Գործում առկա ապացույցներն ու փաստական տվյալներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մեղսագրվող արարքը կատարելու պահին Չիչոյանն առնվազն ունեցել է հոգեբույժի ախտորոշում եւ, դրանով պայմանավորված, եղել է հոգեպես խիստ լարված վիճակում, ինչը կարող էր ազդել նրա գործողությունների վրա»,- նկատեց Պողոսյանը:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, պաշտպանի միջնորդության վերաբերյալ դատավարության կողմերի կարծիքները չլսեց՝ այսպիսով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի միանգամից երկու հոդվածները՝ 331-րդ հոդվածի 2-րդ մասը (յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքը,) եւ ՀՀ քրդատի 313 հոդվածի 2րդ մասը (փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում): Այսպիսով, դատավորն առանց կողմերին լսելու եւ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, որոշում կայացրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունն այս փուլում չի կարող քննվել: Չիչոյանի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ նշելով. «Դատարանը խորհրդակցական սենյակում պետք է քննարկեր միջնորդությունների հարցը: Չէր բացառվում, որ որոշում կայացներ: Բայց այսպես` առանց խորհրդակցական սենյակում քննարկելու կանխակալ եւ միանգամից տեղում նման որոշում կայացրեց: Դատարանի գործողություններն անօրինական են: Դատարանը հրաժարվեց արդարադատություն իրականացնել»: Միհրան Պողոսյանն էլ նկատեց, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դատարանը հրաժարվում է արդարադատություն իրականացնել՝ խախտելով կողմերի հավասարության մրցակցային սկզբունքը:
Մինչ այժմ պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվեցին, այդ թվում՝ էական նշանակություն ունեցող`Արսեն Սարգսյան կեղծանվամբ վկայի ցուցմունքներին ծանոթանալու վերաբերյալ: Պաշտպանների միջնորդության մասին կարծիք հայտնելիս տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց. «Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի ցուցմունքներից հետո միջնորդությունները սապոնաջրի պղպջակների պես հօդս կցնդեն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


