«Հայաստանի արտադրողների սարքերով առաջանագիծն ենք պահում: Արդեն հակառակորդի ուժային կուտակումները կարողանում ենք տեսնել մի քանի կմ հեռավորության վրա»,-ասում է ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվեց 2016 թվականի ապրիլին՝ անհնար է, որ կրկնվի, որովհետև, եթե նախկինում մեր դիտարկման սարքերը մարդու աչքի հնարավորությունից շատ քիչ էին տարբերվում, հիմա այդպես չէ:
«Սարքերը հնարավորություն են տալիս մի քանի կմ-ով դիտարկում անցկացնել: Հետևաբար, ադրբեջանական ուժերի կուտակումներ առաջնագծին շատ մոտ հնարավոր չէ: Ստիպված են լինելու իրենց ուժերը կուտակել 4-10 կմ հեռու»,-նշեց Վովա Վարդանովը:
Նրա խոսքով՝ տեխնիկան բավարար չէ, նախքան բանակ գնալը պետք է որոշ գիտելիքներ ունենան.
«Թե չէ գալիս են՝ դրոշները մարմնի մասերին դաջած, բայց երբ զենք ես տալիս ձեռքը, չգիտի, թե ո՞նց բռնի: Ախր, դպրոցում ՆԶՊ են անցնում չէ՞: Մենք ենք մեղավոր, որ այդպես են մեծանում: Դասընթացների ժամանակ կացինը տալիս ես ձեռքները, հենց առաջին հարվածից գցվում ես իրենց ու կացնի արանքը, թե չէ ոտքը կկտրի: Ոչինչ չգիտեն, միայն համակարգիչ ու խոսել: Իմ տղաները 10 տարեկան էին, երբ սկսեցի պարապել նրանց հետ: Ռազմական գործերին ցանկացած երեխա պետք է ծանոթանա: Ասացվածք կա, թվում է թե ճիշտ է.«Չես կերակրում քո բանակը, կկերակրես ուրիշինը»: Մենք նրանց չենք կերակրելու, որովհետև նրանք բնաջնջելու են մեզ: Այդ ասացվածքը այստեղ չի աշխատում: Այսինքն, դեռևս դպրոցից պետք է պատրաստենք երեխաներին: Կոպիտ է հնչում, բայց հայ մայրերը դեբիլ են: Գիտեն, որ տղան բանակ է գնալու, փոխանակ ասեն՝ տղա՛ ջան գնա ֆիզիկապես պատրաստվի, գումար են տալիս, որ այս ակումբից մյուսը գնա: Բա դու չե՞ս ուզում երեխադ ողջ-առողջ վերադառնա: Նորակոչիկների մայրե՛ր, խելքի եկեք»:
Վովա Վարդանովը կարևորեց նաև դպրոցներում ռազմագիտություն դասավանդող ուսուցչի հմուտ մասնագետ լինելը.
«Հասարակության պատվերը, պահանջը չկա: Ֆիզմաթ դպրոցում այդ առարկաները բարձր մակարդակի վրա են, քանի որ ծնողները պահանջեցին, որ այդպես լիներ: Այս դեպքում էլ անգրագետ զինղեկ չէր լինի, եթե պայքարեին: Զինվորականները հաճախ թոշակի են անցում 45 տարեկանից: Մարդիկ ջահել են, եռանդը տեղը, ռազմական գործին ծանոթ, առաջնագծում եղած, բայց դպրոց չեն գնում, քանի որ ցածր է աշխատավարձը, իսկ հասարակական պահանջի դեպքում մի քիչ կբարձրացնեին, նա էլ իր փորձը կփոխանցեր»,-նկատեց ազատամարտիկը:
Անի Կարապետյան


