Համացանցում հայտնվել է տեսանյութ` վերնագրված «Անի Երանյանի վթարի հետքերով»: Տեսանյութում` վարորդը խոսում է ճանապարհատրանսպորտային նշանների բացակայության, գծանշումների թերացումների և վթարի այլ պատճառների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Անի Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենային և վթարի ենթարկվել:
Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղևորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ, ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը և նրա երկու ուղևորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են Երևան քաղաքի «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ Գագիկ Պողոսյանը և վերջինիս ուղևոր Մարինե Կարապետյանը բուժօգնության համար դիմել են Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վթարի մասնակից, դատավոր Գագիկ Պողոսյանը նշել էր, որ Անի Երանյանի դեմ բողոք չի ներկայացնելու:
Հավելենք նաև, որ Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ):