«Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքի հեղինակ, անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը պնդում է՝ գտել է Վերին Նորավանքի տեղադրման վայրը, որը մինչ այժմ հստակեցված չէր: Քննելով աղբյուրագիտական նյութերը, նախկինում եղած ուսումնասիրությունները, հեղինակը նկատել է բազմաթիվ ընդհանուր կետեր Վերին Նորավանքի և Շատիվանքի պատմության միջև, որոնց գլխավոր եկեղեցիները նույն անունն ունեն՝ Սուրբ Սիոն:
Շուրջ 7 տարի տևած ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ Շատիկ վանքի Սուրբ Սիոն եկեղեցու պատերի մեջ օգտագործված հին եկեղեցու արձանագիր գրերը պարունակում են նվիրատվական տեղեկություններ, գյուղերի անուններ, որոնք հիշատակարաններից հայտնի են որպես Վերին Նորավանքին տրված և նրա սեփականությունը համարվող բնակավայրեր ու տարածքներ: Ավելին՝ 1470 և 1471 թվականների հիշատակարաններում վանքը հիշատակված է որպես «Մեղու» և «Մեղուաց» վանք անուններով: Ըստ Քաջբերունու՝ Շատիկ վանք կատարած այցելության նկարագրության, վանքի երկու անկյունային աշտարակների միջև եղած սենյակում, համաձայն տեղաբնակների տեղեկությունների, ժամանակին մեղու են պահել, որից էլ հավանաբար ժողովրդի կողմից ստացել է Մեղու կամ Մեղուների վանք անունը:
Եվս մեկ փաստ.դեռևս 15-րդ դարի 70-ական թվականներին Վերին Նորավանքում է ապրել Շատիկ անունով հայտնի մի ճգնակյաց, սրբացված վանահայր, որի անունով էլ ամենայն հավանականությամբ՝ ժողովուրդը Վերին Նորավանքն անվանել է Շատիկի վանք: Հետագայում էլ՝ 17-րդ դարի կեսերին, վերակառուցումից հետո, միաբաններն այս վանքին տվել են տեղաբնակների հիշողության մեջ մնացած անունը՝ Շատիկի վանք:
Չնայած այս ամենին՝ 1658 թվականի մի հիշատակարանում պահպանվել է հին անունը և այն կոչվում է «Շատիկի Նորավանից սուրբ վանք»:
Հեղինակը շրջանառության մեջ է դնում նախկինում չհրապարակված մի վիմագիր արձանագրություն, որտեղ կա այս վանքի հին անվանումը՝ ՐԱՎԱՆ, այսինքն՝ Նորավանք: Այն գտնվում է Շատիվանքի հարավային պատին:
«Այս եկեղեցին մենք շուտով կկորցնենք, եթե չվերանորոգվի: Հուշարձանները պահպանող մարմինները միայն գրում են, թե հերթական կորուստն ունեցանք: Սա սառնասրտություն է: Ցանկացած քար, որ ներքև է ընկնում, այլևս չեն բարձրացնում: Ամեն օր կորցնում ենք, բա հետո՞»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Մկրտչյանը:
Գրքի խմբագիր, պատմ. գիտ. դոկտոր, Մատենադարանի Արվեստի պատմության բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը սա բացահայտում է համարում, քանի որ հայագիտության մեջ Վերին Նորավանքի տեղն անհայտ էր և ներկայացված փաստերը հիմնավոր են:
«Բոլորին հայտնի այսօրվա Նորավանքը եղել է Օրբելյանների տոհմի դամբարանավայրը, իսկ Վերին Նորավանքը՝ այս նույն տոհմի կրթամշակութային կենտրոնը»,-նշեց Կարեն Մաթևոսյանը:
Անի Կարապետյան


