Դիմահարդար Մարինա Ստեփանյանն իր ասպարեզում վաղուց հայտնի է որպես լավ մասնագետ: Asekose.am-ը բազմիցս անդրադարձել է Մարինայի գործունեությանը, սակայն այս անգամ երիտասարդ դիմահարդարը հանրությանը ներկայանում է ոչ միայն իր գրավիչ աշխատանքներով, այլ նաև գեղեցիկ ու հետաքրքիր ֆոտոշարքերով:
-Մարինա՛, զրույցը սկսենք դիմահարդարի Ձեր գործունեությունից: Մի քանի բառով կարող եք ներկայացնել, թե ինչպես ընտրեցիք այս մասնագիտությունը և ինչն եք կարևորում դրանում:
-Ի սկզբանե նշեմ, որ դիմահարդարումն իմ երկրորդ մասնագիտությունն է: Ես ունեմ բարձրագույն կրթություն, բայց հետագայում դիմահարդարման կանոնները գայթակղեցին ինձ, և ես որոշեցի յուրացնել դրանք ու կարծում եմ, որ դա իմ կյանքի կարևոր որոշումներից մեկն է եղել:
- Ի՞նչ եք կարծում` լավ դիմահարդարում անելը տաղա՞նդ է, թե՞ փորձի արդյունք:
-Կարծում եմ՝ երկուսի առկայությունն էլ անհրաժեշտ է: Շատ կարևոր եմ համարում դիմահարդարի հոտառությունը, այն է` ճաշակ, գեղեցիկը ստեղծելու կարողություն, գույները տեղին համադրելու ունակություն և այլն:
-Տեղյակ եմ, որ դիմահարդարի գործունեությունից զատ հանդես եք գալիս ֆոտոշարքերով և արդեն Ձեր հստակ քայլերն եք կատարում ֆոտոմոդելային ասպարեզում: Չե՞ք վախենում այս ոլորտի դժվարություններից:
-Իհարկե հասկանում եմ, թե ինչ դժվարությունների կարող եմ հանդիպել, սակայն դրանք ինձ չեն վախեցնում, ես սիրում եմ առաջ քայլել և հայտնվել այնտեղ, որտեղ ես ինքս եմ ուզում: Պետք է նշեմ, որ մոդել դառնալու ցանկությունն ու քայլերը շատ ինքնաբերաբար ստացվեց՝ սկզբում նկարահանվում էի դիմահարդարում և վարսահարդարում ցուցադրելու համար, սակայն հետո հասկացա որ այն ինչ անում եմ շատ է դուր գալիս ինձ և սկսեցի ավելի խորը ուսումնասիրել համաշխարհային մոդելների կյանքը:Մոդել դառնալ երազում են գրեթե բոլոր աղջիկները: Այս ընտրությունն առաջին հայացքից խոստումնալից է, ու թվում է, թե անելիքը քիչ է. պետք է ընդամենը ցուցադրել զգեստներ, որոնք ձեռք բերելու համար ուրիշները պատրաստ են գումարներ ծախսել: Այս փայլուն մեդալն ունի նաև հակառակ կողմը՝ ամենօրյա տքնաջան պարապունքներ` ճիշտ քայլվածքի ձևավորման և կազմվածքի պահպանման համար, հյուծիչ դիետաներ, խիստ ռեժիմ և ոչ պակաս խիստ պայմանագրային կետեր մոդելային ընկերությունների և դիզայներական կենտրոնների հետ:
- Ինչպե՞ս և որտե՞ղ եք պատկերացնում Ձեր մոդելային գործունեությունը:
-Հայաստանում թերևս պայմաններն այնքան էլ խիստ չեն, գեղեցկության չափանիշներն էլ ավելի առողջ են, փոխարենը` խիստ նեղ է նորաձևության բիզնեսով զբաղվող ընկերությունների շրջանակը: Բնականաբար, ստանդարտներից դուրս են նաև աշխատավարձերը: Այս պահին չեմ ուզում բացել փակագծերն ու խոսել առաջարկների մասին, միայն կասեմ, որ դրանք շատ են և ամեն բան առջևում է:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան