▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ննջարանը մեծ լոգասենյակի են վերածում, հիմնավոր պատերը՝ քանդում.Ի՞նչ են հայերը բերում իրենց ու հարևանների գլխին

«Մեծ հնարավորություններ են պետք, որպեսզի ճարտարապետությունը զարգանա: Նոր նախագծեր, ծրագրեր կան, բայց դրանց իրականացման համար համապատասխան ֆինանսավորում է անհրաժեշտ, որը, ցավոք, չկա: Այս տարվա լավ լուրն այն էր, որ Աժ-ն միաձայն ընդունեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ օրինագծի՝ Հայաստանում ճարտարապետների միության բազայի հիման վրա կձևավորվի ոլորտի գործունեությունը կարգավորող նոր մարմին` Ճարտարապետների պալատ։ Ճարտարապետներն իրենց արտոնագրերը ստանալու են միայն ճարտարապետների պալատում, ստանալու են համապատասխան ուսուցումներ, մասնակցելու են դասընթացների նաև արտերկրում: Սա կնպաստի, որ մեր դաշտը թափանցիկ լինի, պահենք էթիկայի նորմերը, չանենք այնպիսի բաներ, որոնց պատճառով հետո ժողովրդի առջև կարմրենք»,-ամփոփելով տարին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Միանասյանը:

Նա անդրադարձավ նաև «Հին Երևան» նախագծին՝ նշելով, որ շարունակում է բացասական իր վերաբերմունքը պահպանել:

«Այդ ծրագիրն ամենամեծ սխալն է: Հսկայական գումարները կարող էինք ծախսել ավելի լավ գաղափարների համար: Մի քանի հուշարձան կարող էինք պահել տեղում, վերանորոգել: Ժամանակին ասացի՝ չլսեցին, արդեն ուշ է ինչ-որ բան փոխել, գնացքը գնացել է»

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ երբ Ճարտարապետների միության նախագահը նայում է ներկայիս շենքերին, ի՞նչ են հուշում նրանք երկրի վիճակի մասին, պատասխանեց.

«Կան պալատանման տներ ու այնպիսիք, որ ավելի լավ է ոտքդ չդնես ու տեսնես: Առաջինն արդեն հուշում է, որ երկրում ամեն ինչ կարգին չէ, ուրիշ տեղից բերել ու ինչ-որ բան են արել: Օրինակ Թբիլիսիում կանաչ տարածքների օկուպացիան չեղավ: Այնտեղ ես նաև չեմ տեսել մայթերի օգտագործումը կամ կցակառույցներ, ձեղնահարկեր անելը: 6-7 բալային համակարգի համար կառուցված շենքերն արդեն վտանգավոր են ու ձեղնահարկի անվան տակ դրանց վրա ևս երկու հարկ կառուցելը խաթարում է ամեն ինչ ու մի փոքր երկրաշարժի դեպքում ջարդիչ ուժ է կատարելու: Մատների արանքով ենք ամեն ինչին նայում: Մարդը ասենք միանգամից գումար է ձեռք բերել,  գալիս ու հարևանների կյանքը դժոխք է դարձնում: ՆՆջարանը մեծ լոգասենյակի է վերածում, հիմնավոր պատերը, սյուները քանդում է ու վնասում բոլորին: Տարօրինակ է նման մարդկանց մտածելակերպը: Եթե հնարավորություն լինի քանդել ձեղնահարկերը, ամրացնել շենքերը, միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ լինելու: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ այսպես չաղավաղվեց Ռիգայի, Տալլինի կենտրոնը:Նախ ժողովուրդը թույլ չէր տալիս, հետո ղեկավարներն էին խիստ: Մեզ մոտ հսկողություն չկա: Սարքում են՝ ոնց ուզում են և որտեղ ուզում են: Մեր ճարտարապետությունը հիմա մեկ բառով երևի էկլեկտիկ անվանեմ: Որևէ կառուցապատող գնում է Եվրոպա շրջելու ու հավանում է մավրիտանական ճարտարապետությունը, գալիս է, թե ինձ սա է պետք: Մի տարօրինակ բան է դառնում: Գալիս նաև դոլարի վրա նկարած Սպիտակ տնից են ուզում: Համոզել էլ չի ստացվում, ուզում են առաջինը լինել, բայց դա հնարավոր չէ: Իրենք միշտ ուզում են ասել՝ ճարտարապետը միայն գծել է, մնացածը ես եմ արել»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее