Ապրիլի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ մարդիկ, տարբեր կազմակերպություններ, համայնքներ ու դպրոցներ հանդես են եկել սահմանին կանգնած զինվորների անհրաժեշտ իրերով ու սննդամթերքով օգնելու նախաձեռնությամբ: Արցախի կառավարությունը բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով նաև հաշվեհամար է բացել:
Սահմանին կանգնած զինվորներին և արցախցիներին իրենց աջակցությունն ու օգնությունը ցուցաբերելու պատրաստակամությամբ հանդես է եկել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամավանի դպրոցը: Սևանի Գեղամա հեռուստաալիքը հայտարարել էր, որ վերոնշյալ դպրոցը Արցախի հաշվեհամարին փոխանցել է 115.000 դրամ, սակայն Asekose.am-ի տեղեկություններով՝ հավաքված գումարը ավելին է եղել և կազմել է 265.000 դրամ` դպրոցի 37 մանկավարժներից 16-ը վճարել են 10.000-ական, իսկ մյուսները՝ 5.000-ական դրամ/ ըստ ասեկոսեների՝ 5.000 են փոխանցել նրանք, ովքեր ստանում են 50.000 դրամ աշխատավարձ/: Թե ինչու էր 265.000 դրամից ընդամենը 115.000 դրամը փոխանցվել հաշվեհամարին, ոմանց համար հանելուկ է մնացել:
Պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Գեղամավանի դպրոցի տնօրեն Շամամ Գրիգորյանի հետ: Վերջինս հաստատեց, որ իրենք նույնպես նյութական օգնություն են ցուցաբերել Արցախի կառավարությանն ու ավելացրեց.«Որպես այդպիսին՝ դրամահավաք չի եղել: Պարտադրված որևէ բան չի եղել: Ուսուցիչներից ովքեր որ ցանկացել են, որոշակի գումար են փոխանցել Արցախի հաշեհամարին: Բնականաբար, ոչ բոլորն են մասնակցել, քանի որ գյուղի դպրոցի ուսուցիչները սոցիալապես այդքան էլ ապահվված չեն: Ուսուցիչ ունենք անգամ, ով 500 դրամ է փոխանցել: Բացի ուսուցիչներից, դպրոցի աշխատողներն էլ են գումար փոխանցել: Ես էլ անձամբ մասնակցել եմ այդ նախաձեռնությանը, քանի որ մեր բոլորի պարտքն է օգնել մեր զինվորներին»:
Մեր այն հարցին՝ ինչու՞ է Գեղամա հեռուսատեսությամբ հայտարարվել 115.000 դրամի մասին այն դեպքում, երբ հավաքվել է 265.000 դրամ, տիկին Գրիգորյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել, քանի որ պարտադրված դրամահավաք չի եղել: Ես ինքս չեմ լսել նման բան հեռուսատատեսությամբ: Չեմ կարող ասել, թե ինչ գումարների մասին է խոսքը: Մի՞գուցե նրանք այդ տեղեկությունը վերցրել են բանկերից, ես այդ առումով ոչինչ չեմ կարող ասել»:
Լուսանկարը՝ Շամամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից