«Պոլիտիկ»-ը գրում է․ «Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց եկեղեցու դեմ՝ «Վեհարանը վեհի՛» առերևույթ աղանդավորական շարժման սկզբունքների մասին, որոնց պետք է համապատասխանեն անդամները։ Ըստ հռչակված սկզբունքների առաջին կետի՝ աղանդավորական այս շարժման անդամ կարող է լինել մարդ, ով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է (մկրտված է Հայ Առաքելական Եկեղեցում)։
Փաշինյանն արդեն հայտարարել է, որ աղանդավորական այս շարժման առաջնորդը հենց ինքն է, և բնական է՝ համապատասխանում է շարժման պահանջներին։ Սակայն իր գործունեության ընթացքում հարյուրավոր դրվագներով ստած և այդ ստի վրա բռնված Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ հավատալ, եթե չկան փաստեր։ Ստախոսի համբավ ունեցող Փաշինյանի խոսքը բավարար չէ․ անգամ աղանդավորական շարժման պահանջներին համապատասխանելու համար նա պետք է ներկայացնի փաստեր։
Ենոքավան գյուղի որոշ հնաբնակներ մեզ տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանը մկրտված չէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։ Գյուղը ունեցել է միայն մեկ եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին, որը Խորհրդային Միության տարիներին չի գործել և միայն Հայաստանի անկախանալուց հետո է վերաօծվել ու սկսել գործել։ Այդ ժամանակ Փաշինյանը արդեն գյուղում չի բնակվել։ Խորհրդային Միության տարիներին Տավուշում ոչ մի եկեղեցի չի գործել, և պետք է սուպերհավատացյալ լինել, որպեսզի մարդը իր երեխաներին մեծ ջանքերով կնքեր եկեղեցում։ Ենոքավանի հնաբնակների խոսքով՝ Վովա Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայրը, հաստատ այդպիսին չի եղել։
Այժմ, երբ Փաշինյանը իր նախաձեռնած աղանդավորական շարժման համար հռչակում է սկզբունքներ, ապա առաջին հերթին ինքը պետք է ապացուցի, որ համապատասխանում է դրանց։ Ապացուցված ստախոս Փաշինյանի միայն խոսքին հավատալ հնարավոր չէ»։