«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատելու հնարավորությունը չօգտագործեց»․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը հերթական անգամ լրջագույն զիջումներ արեց՝ առանց որևէ շոշափելի զիջում ստանալու Ալիևից:
Նա գործնականում զիջեց Մինսկի խումբը, հաղորդակցությունների բացման միջանցքային տրամաբանությունը (որոշակի փոխակերպումներով ու մանիպուլյատիվ լուծումներով), փոխադարձելիության սկզբունքը, 907-րդ բանաձևի պատժամիջոցները:
Այս ամենի դիմաց Ալիևը ստորագրեց հռչակագրային այնպիսի սկզբունքների տակ, որոնք, այսպես թե այնպես, իր միջազգային պարտավորություններից են՝ միջազգային սահմանների անքակտելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքները:
Թրամփի անձնական շահագրգռվածությունից ու ներգրավվածությունից մեծապես օգտվել է Ալիևը, իսկ Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց: Ընդ որում՝ սա լավագույն հնարավորությունն էր գերիներին հայրենիք վերադարձնելու համար, որը վիժեցվեց ամբողջապես:
Այո՛, Հայաստանը ստացավ ԱՄՆ-ի ու Թրամփի որոշակիորեն կայունացնող ու զսպող ներգրավվածությունը և մեծ ներդրումների հեռանկարը, բայց դրանք արվել են վերոնշյալ անընդունելի զիջումների (հատկապես՝ միջանցքային տրամաբանության) հաշվին:
Էլ չեմ խոսում Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման, Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձման և այլ կենսական հարցերի մասին, որոնք արդեն նախորդ փուլերում հանցավոր կերպով զիջվել են Ադրբեջանին:
Այնպես որ խնդրում եմ խաղաղության, բարգավաճման ու հաղթանակների հեքիաթներ չկարդալ մեր գլխին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet