▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել. ԼՀԿ ղեկավարը համաձայնել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու բոլոր առաջարկները։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

«Ես համաձայնությունս տվել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»:

Մարուքյանի խոսքով՝ եթե համաձայնություն ունենան վարչապետի հետ, ապա այս տարի հնարավոր է կազմակերպել ընտրություններ։ 

Հանրապետության հրապարակում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքին վարչապետը հայտարարել էր, թե ԳՇ պետի հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների դրդմամբ։ Մարուքյանը վարչապետից պահանջել էր իր ասածը փաստող ապացույցներ հրապարակել։ Լրագրողների դիտարկմանը, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  գրել էր, որ ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը եւ հրապարակելու է, ԼՀԿ ղեկավարը նշեց, թե իր համար դա զարմանալի է:

«Եթե ձայնագրություն կա, թող Նիկոլ Փաշինյանը հրապարակի, այսինքն՝ Միքայել Մինասյանն օգնում է, որ Օնիկ Գասպարյանին վարկաբեկե՞ն, ես ուղղակի ապշած եմ»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվե են ուզում անել եւ ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ եւ կիսանախագահական համակարգի անցնումն էլ  հնարավոր տարբերակներից մեկն է, ԼՀԿ ղեկավարը շեշտեց, որ ինքը եւս կողմ է կիսանախագահական կառավարման համակարգին։

«Որովհետեւ այս պայմաններում մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի, այլ անցանք սուպերվարչապետականի, որը տապալեց ամեն ինչ։ Եթե իմ պատկերացրած կիսանախագահական համակարգի մասին է խոսվում, ես չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է լինել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее