ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում պարզաբանել է, թե ինչու է Օսկանյանին համարում Մարտի 1-ի առանցքային դեմքերից մեկը:
Նշելով, որ պատերազմ հայտարարում են արտգործնախարարները` Փաշինյանն ասել է, որ մարտի 1-ին Օսկանյանի ասուլիսը պատերազմի հայտարարում էր ժողովրդին, երբ Օսկանյանը պայման էր դրել ժողովրդի առաջ՝ կամ Քոչարյանին ենթարկվել, կամ ենթարկվել սպանդի:
Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կոմպրոմիսը Մարտի 1-ի ոճրագործների հետ հնարավոր չէ, ընդգծել է, որ իր  համար  Աղվան Հովսեփյանը, Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը  Մարտի 1-ին քաղաքացիների վրա կրակած խմբավորման անդամներ են եւ ինքը չի   պատրաստվում այդ անդամներից որեւէ մեկին պաշտպանել մյուս անդամների  հարձակումներից:
Նիկոլ Փաշինյանն ասել  է, որ Վարդան Օսկանյանը պայքարում է 2008 թվականին քաղաքացիների  վրա կրակած խմբավորմանը իշխանության առաջին դիրքեր բերելու համար և նշել է, որ  դրանում է էժանագին քաղաքական շոուի կամ  օճառային օպերայի իմաստը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենի նպատակն է նախագահական ընտրություններից առաջ թեժացնել իրավիճակը, հետո դրա հիման վրա ասել, թե պետությունը մարտահրավերների առաջ է և պետք է վեր կանգնել անձնական նպատակներից` արդյունքում կազմելով ազգային համաձայնության կառավարություն:
Ըստ Նիկոլ Փաշինյանի,  այդ ծրագրի վերջնական նպատակն է  նախագահական ընտրություններից  հետո կոալիցիան փոխարինել ազգային համաձայնության կառավարությամբ. սցենար, որի դերակատարներից է նաեւ Վարդան Օսկանյանը:
 
      


 
           
             
             
             
             
             
            