
24-ամյա նկարչուհի Սիրանուշ Աղաջանյանի աշխատանքներն արդեն մի քանի օր է, ինչ ցուցադրված են Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում: Նոր տրամադրություն, նոր շունչ, նոր գույներ… Հենց այսպես կարելի է նկարագրել նկարչուհու աշխատանքները, որոնք թեև առաջին հայացքից բավական պարզ են, սակայն իրականում ավելի խոր իմաստ են իրենց մեջ պարունակում:
Asekose.am-ը զրուցել է Սիրանուշի հետ՝ ցուցադրության, որպես նկարչուհի՝ իր ասելիքի և իր նկարների՝ քաղաքական ենթատեքստ ունենալու մասին:
«Այստեղ ցուցադրված են իմ թե հին, և թե նոր աշխատանքները: Կարելի է ասել, որ սա իմ աշխատանքների ոչ թե ցուցադրություն է, այլ, այսպես ասած`վերացուցադրությունը: Սա պայմանավորված էր վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով: Բայց մյուս կողմից էլ, չեմ ցանկանա, որ մարդիկ սա կապեն միմիայն դրա հետ: Չէ՞ որ արվեստի հզորությունը կայանում է նրանում, որ որքան էլ նա պայքարում է, միևնույն է, մնում է արվեստ: Այս աշխատանքներում հիմնականում գերակշռում են քաղաքական թեմաները, որոնք, գուցե, այդքան էլ տեսանելի չեն, որոշեցի ևս մեկ անգամ դրանք մարդկանց համար տեսանելի և հասանելի դարձնել»,- նշեց Սիրանուշ Աղաջանյանը՝ մանրամասնելով.
«Այս ստեղծագործությունները ծնվել են 2016թ.-ին, երբ երկրում ներքաղաքական և արտաքին լարվածություն կար: Եվ դրանից ելնելով ինձ մոտ «նեռվի կուտակում» եղավ, ինչի արդյունքում ընդամենը մեկ շաբաթում ստեղծեցի իմ այս կոլաժները: Իսկ ինչ վերաբերում է ներկայացված 3 մեծ կտավներիս, ապա դրանք ստեղծվել են կոլաժներից մեկ տարի հետո»,- պատմեց նկարչուհին:

Վերջինս նկատեց, որ թեև իր նկարները քաղաքական ենթատեքստ ունեն, բայց, այնուամենայնիվ, դրանք կարելի է ընկալել որպես կոմպոզիցիա:
Իսկ հարցին, թե ո՞րն է իր հիմնական ասելիքը և ձեռագիրը, որ ինքն արտահայտում է իր ստեղծագործություններում, Սիրանուշը պատասխանեց.
«Նախ ասեմ, որ ես ինձ չեմ համարում նկարիչ կամ արվեստագետ, դրա համար դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, դեռ փնտրտուքների մեջ եմ: Ես ինձ պարզապես տեղծագործող մարդ եմ համարում: Երբ իմ առաջին ցուցահանդեսի ժամանակ հարց հնչեց իմ աշխատանքների մասին, ես ասացի, որ այս ամենը ես արել եմ և անում եմ ոչ թե որպես նկարիչ, այլ՝ հեծանվորդ, քանի որ ցանկացած մարդ իրավունք ունի ստեղծագործելու, նկարելու: Իմ կոլաժների մեջ իսկապես ամեն ինչ շատ անկեղծ է: Երբ ես ուսումս ավարտեցի Գեղարվեստի պետական ակադեմիայում, պատկերացում չունեի, թե կոնկրետ ինչ թեմայով պետք է ստեղծագործեի, որտեղից պետք է սկսեի»,- նշեց Սիրանույշը:
Նա նկատեց, որ ժամանակի ընթացքում իր մոտ ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել.
«Երբ զգացմունքներն արտաքին աշխարհի հետ սկսում են աշխատել, հենց այդ ժամանակ էլ սկսում ես հասկանալ, թե որն է քո ասելիքը: Այսինքն՝ կան խնդիրներ, որոնք անընդհատ մեզ անհանգստացնում են՝ սկսած սոցիալական խնդիրներից, մինչև ներքաղաքական, կրոնական, գենդերային, էսթետիկայի և այլն: Այս խնդիրները մշտապես մեզ՝ ստեղծագործողներիս համար կարող են թեմա հանդիսանալ, այլ հարց է, թե մենք մեր հնարամտության և երևակայության արդյունքում ինչպես և որ տեսանկյունից կօգտագործենք դրանք: Չէ՞ որ մենք ցանկանում ենք, որ մեր ստեղծագործությունները հարաբերության մեջ մտնեն, շփում ունենան հանրության հետ: Ինձ համար կոնկրետ սա շատ կարևոր հանգամանք է: Ինքս շատ եմ կարևորում նաև լսել կարծիքներ այն մարդկանցից, ովքեր կապ չունեն արվեստի հետ, ովքեր սկզբում ոչ թե խորանում են իմ նկարների մեջ, այլ՝ ուշադրություն են դարձնում գույներին, էսթետիկային, դետալներին»,- շեշտեց նկարչուհին:

«Կարծում եմ, որ ստեղծագործող մարդը ժամանակի ընթացքում պետք է անընդհատ իր կողմից օգտագործվող նյութը փոխի: Օրինակ, իմ հաջորդ շարքը չեմ կարծում, որ կրկին կոլաժներ կլինի, քանի որ ինձ մոտ եկավ շրջան, երբ այլևս չէի կարողանում կոլաժներ ստեղծել, ես զգացի, որ այդ հարցում սպառել եմ ինձ: Առաջիկայում, հավանաբար, կլինեն գործեր, որոնք յուղաներկով կստեղծվեն, թեև ներկա պահին դեռ չեմ պատկերացնում դրանց վերջնական տեսքը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Սիրանույշ Աղաջանյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան


