Hraparak.am-ը գրում է. Շատ բանի վրա կարելի է զարմանալ: Բարով- խերով մեր աստղերը գնացել են հանգստանալու, ծովափերում սիրուն- սիրուն նկարվում են, գցում ֆեսբուք, հետո էլ իբր նեղանում, որ իրենց նկարները տարբեր կայքեր վերցնում ու օգտագործում են: Սա նման չի՞ այն պատմությանը, երբ բերանիցդ ինչ որ բան ես թռցնում կամ հենց գիտակցաբար ասում, հետո զարմանում, որ այն տարածվել է:
Մի~ տարածեք էլի, այ մարդիկ, մի~ տարածեք: Մի~ ասեք էլի, մի~ ասեք: Մենք էլ՝ աստղերս, մեր անձնական կյանքն ունենք: Մոտավորապես նման խնդրանք- գրառումով է հանդես եկել մեր Մենչը: Մեր եմ ասում, որովհետև մեր տներում ավելի շատ է լինում, քան իր տանը: Հիմա չասե՞մ՝ Մենչ ջան, որ ուզում ես կայքերը չվերցնեն նկարներդ, քո ու գեղեցկուհի կնոջդ ռոմանտիկ նկարները չօգտագործեն, մի՛ դիր ֆեսբուքում: Ինքնապաշտպանական տարրական ձև: Նույնը վերաբերվում է նաև մյուս աստղերին, ովքեր միացել են Մենչին ու ընդվզում են, որ իրենց նկարները կայքերը վերցնում են:
Հետո էլ խոսքը մեր մեջ, ի՜նչ մի հետաքրքրություն է, որ նման լավ-լավ տեղերում լինեք, նման սիրուն լողազգեստներ կամ այլ թափանցիկ բաներ հագնեք ու հանրությունը չտեսնի: Ոնց որ թատրոն՝ առանց հանդիսատեսի: Եթե ուզում եք՝ թատրոն չլինի, ներկայացումը մի հրապարակայնացրեք: Ի՞նչ մի պարտադիր է, որ հանրությունն իմանա, թե դուք որտեղ, ոնց եք հանգստանում: Ո՞նց եք պատկերացնում ֆեսբուքում անձնական էջ, երբ մեծ ընկերություն- բարեկամություն ունեք: Եթե լողազգեստով կամ մերկ չեք ուզում հանրությունը ձեզ տեսնի, ուրեմն տարբեր դիրքերով «սելֆի մի արեք ու հրապարակեք»: Ե՛վ ուզում եք երևալ, և՛ ուզում եք ցույց տալ, որ չեք ուզում երևալ: Այդպես չի լինում:
Նազենի Հովհաննիսյանն է հետաքրքիր մոտեցում դրսևորում: Մենչի գրառման տակ գրում է, որ բոլոր լրատվամիջոցները կմնան անգործ, եթե աստղերի նկարները չդնեն: Հետո էլ ոնց որ թե ընդվզում է՝ «Հո Երվանդ Զախարյանին չեն նկարելու ցույց տան «Երվանդ Զախարյանը լողափում».. «Ե.Զախարյանը հրապարակել է կուսանկար Նոր լողազգեստով» աաաաաաա: Նազենիիս ասեմ, որ Երվանդ Զախարյանը լողափում տկլոր ավելի շատ դիտում կապահովի կայքերում, քան բոլոր աստղերը միասին: Իսկ եթե նրա կողքին լինեն նաև մյուս պաշտոնյաները, «կայքերը կպայթեն»:
Բայց մեր ո՞ր պաշտոնյան է «մեզ այդ հաճույքը պատճառում», գնում են թաքուն- թաքուն ծովափ, ոնց են չոփ-չոփ անում, ոնց են ճռվողում, մեկս էլ մի բան չենք իմանում: Ով իր նկարները տարածում է, կայքերը նրանն են օգտագործում: Այստեղ Նազենիի ոգով կարող եմ ասել՝ հո Գալուստ Սահակյանի նկարնե՞րը չեն իրենց տան բաղնիքում լողանալուց դնելու: Չնայած նման պարագայում ազգային մասշտաբով, Սփյուռքն էլ հետը, 10 միլիոն դիտում կունենանք: Աստղերի դեսը- դենը այնքան են կայքերը գցել, որ էլ հետաքրքիր չէ, այդպես շարունակվելու դեպքում հաստատ կայքերն անգործ են մնալու… ու Նազենին ճիշտ է դուրս գալու:
Հեղինակ` Հասմիկ Բաբաջանյան
Նյութը` սկզբնաղբյուր կայքում