Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հանդես է եկել տարին ամփոփող ասուլիսով: Նա նշել է, որ աննախադեպ առաջընթաց են գրանցել հայկական և համաշխարհային արվեստը, պատմամշակութային արժեքներն ավելի շատ մարդկանց հասանելի, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում։ Կրկնապատկվել ու բազմապատկվել է հանդիսատեսի, այցելուների թիվը.Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը միայն մեկ ամսում 15.000 այցելու է ունեցել: 2017 թվականին մշակութային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքից ուղղվել է դեպի մարզեր:
426 «Մշակութային կանգառ», 200 կինոդիտում՝ Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում: Նախարարն անդրադարձել է նաև բացթողումներին, որոնք կապված էին հուշարձանների հետ: «Սյո՛, ունեցանք բացթողում 7 հուշարձանների մասով: Մեղքը շինարարներինն էր. արձանագրել ենք մի շարք թերացումներ: Կար նաև ընթացակարգերի պատճառը, որովհետև հայտարարված մրցույթի մասնակից կազմակերպություններից մեկի բողոքի պատճառով շինարարության մեկնարկի ժամկետը հետաձգվեց մինչև սեպտեմբեր և, բնականաբար, 1-2 մասում չէին կարող հսկայական աշխատանքը կատարել, ուստի պայմանավորվել ենք, որ մինչև հունիսի 1-ը վերջացնեն այս տարվա ծավալները, որ սկսենք 2018 թվականինը»,-նշել է Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ շինարարական կազմակերպություններին պարտադրվել է առնվազն երեք առցանց տեսախցիկ տեղադրել, որպեսզի կարողանանք հետևել ամենօրյա աշխատանքներին: Խստացվել է նաև հեղինակային և տեխնիկական վերահսկողությունը:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարն անդրադարձավ մեր մշակութային ժառանգությունը փառատոնների միջոցով ճանաչելի դարձնելուն:
Հարցին՝ հնարավո՞ր է ականջալուր լինեն ազգագրագետներին ու օրինակ՝ դարբնագործության, թոնրագործության փառատոններ կազմակերպեն, պատասխանեց.
«Մենք ինքներս չենք կարող կազմակերպել, բայց, եթե կան նման նախաձեռնություններ՝ մենք պատրաստ ենք աջակցել: Պետք է ասեմ, որ տարվա ընթացքում մենք արձագանքել ենք օրինակ՝ Գյումրիի «Հացի փառատոն»,-ին կամ «Տոլմայի փառատոն»-ին:
Մեր դիտարկմանը, որ «Տոլմայի փառատոն»-ի անցկացման վայրի հետ կապված խոչընդոտներ կան, քանի որ այն ժամանակին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում էր անցկացվում, որի տնօրենը անհասկանալի պատճառներով արգելեց ու ստիպված Արարատի մարզի Հնաբերդ գյուղում ՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում անցկացրին, որը փոքր-ինչ փոշոտ էր ու անհարմար, գուցե նախարարությունն օգնի՞ նորմալ տեղ գտնել, Ամիրյանը նկատեց.
«Մենք տեղ չենք կարող գտնել, իրենք են կազմակերպիչները: Մենք կարող ենք աջակցել»:
Անի Կարապետյան