▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․ նա չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում՝ 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ:

http://asekose.am/filemanager/uploads/Armen_Sargsyan.jpg

Այս մասին գրում է Hetq.am-ը։

2010 թ. Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանը, եւ վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը, Փարիզում «VH Estate» անունով ընկերություն են հիմնել: Սա իր տեսակով քաղաքացիական ընկերություն է՝ «société civile», ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Ֆրանսիայում անշարժ գույք տիրապետելու եւ կառավարելու համար, որպես կանոն, կիրառվում են «société civile immobilière» տիպի ընկերություններ: Սարգսյանների «VH Estate»-ի գործունեության տեսակ է նշված Ֆրանսիայում եւ արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերումն ու կառավարումը, սպասարկումը, վարձակալության տրամադրումը («société civile» տիպի ընկերություններին թույլատրվում է գույքը վարձակալության հանձնել ու եկամուտ ստանալ):

Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:

«VH Estate» ընկերությունը խոշոր վարկով գույք է գնել Փարիզում     

«VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզում 2010 թ. ամռանը: Ընկերությունը ոմն Լուկասից ընդհանուր 7.510.000 եվրոյով գույքը գնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որն աշխարհին առավել հայտնի է Ելիսեյան դաշտերով (Շանզ Էլիզե պողոտա): Սարգսյանների գույքը Փարիզի Հաղթական կամարից 500 մ հեռավորության վրա է՝ Օշ պողոտա 2 հասցեում:

Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը 7.510.000 եւ 240.000 եվրո չափերով երկու վարկ է վերցրել ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից՝ գրավ դնելով ամբողջ գույքը: Վարկերը եղել են անտոկոս եւ դրանց մարման վերջնաժամկետ էր սահմանվել 2018-ի հունիսը: Սակայն, բացի վարկերից, «VH Estate»-ը պետք է յուրաքանչյուր վարկի 20 տոկոսի չափով ապահովագրության վճար մուծեր գրավադրված գույքի համար, այսինքն՝ 1.502.000 եւ 48.000 եվրո:  

2017-ի աշնանը տեղի է ունեցել սուբրոգացիա՝ «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն ընդհանուր 7.750.000 եվրո վարկի կրեդիտոր է ձեւակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: Վարկի տոկոսադրույքը սահմանվել է 1,3 տոկոս, իսկ գրավադրված գույքի ապահովագրության վճարը՝ 10 տոկոս՝ 775.000 եվրո:

Բացի գրավադրված 2 միավոր գույքից՝ 2017 թ. դեկտեմբերին Կարինե Սարգսյանը հօգուտ «UBP»-ի գրավադրել է «VH Estate»-ում իր ունեցած 99% բաժնեմասը՝ որպես 7.750.000 եվրո ընդհանուր վարկի վճարման երաշխիք:

Կայքը նախագահ Սարգսյանին հարցրել էր, թե արդյոք ընկերության անվան մեջ «VH»-ը նրա որդիների՝ Վարդանի ու Հայկի անունների սկզբնատառերն են, բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե ընկերությունն ինչ միջոցներով է մարում 7,75 մլն եվրոյի վարկը, եւ ով է օգտագործում Փարիզի անշարժ գույքը՝ նախագահն ու նրա ընտանիքի անդամնե՞րը, թե՞ գույքը վարձակալության է տրված: Նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ հարցերը վերաբերում են անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների, որոնք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հրապարակման ենթակա չեն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее