▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ… Մկոն արձագանքում է Հայկոյին. ի վերջո, ո՞վ է ստախոսը, իսկ ով` մերժվածը

Ամանորյա եռուզեռ, ավանդական մայրաքաղաքային աղցան,  խոզի բուդ, բայց ոչ սովորական խոստովանություն Հայկ Մարությանից: Դերասանը ֆեյսբուքյան ասուլիսի միջոցով, կարծես թե, փորձեց  վերջակետ դնել իր և Մկրտիչ Արզումանյանի միջև եղած հնարավոր տարաձայնության մասին խոսակցություններին, սակայն եղավ ճիշտ հակառակը` մի շարք  հարցականներ և բազմակետեր:

«Առանձին աշխատանքից հետո իմ կողմից բազմիցս առաջարկներ են եղել Մկոյին՝ միասին երբեմն նախագծեր անել, սակայն առաջարկս հավանություն չի ստացել նրա կողմից: Ի դեպ, էս վերջերս մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, Մկոն մերժեց...Պատճառների մասին, իրոք, չգիտեմ...Ու ինձ այս հարցով ինչքան դիմեք՝ ես նույն պատասխանն եմ տալու...Ես պատրաստ եմ աշխատել, բայց... »,-ասաց Կարգին Հայկոն` ինչը նրանց  կարգին դուետի և կարգին ընկերության երկրպագուներին  հույս տվեց, որ մի օր սիրված դերասանները կվերամիավորվեն, թեպետ հնչեցին նաև մեղանդրանքներ Մկոյի հասցեին, որոնց համաձայն` նա  մեծամտացել է և  համեստությունը նրան  չէր խանգարի:

Բնականաբար,  ինչպես  սպասելի էր,  խոսակցությունները տեղափոխվել էին նաև  դերասանների սոցիալական ցանցերի  էջեր,  հետևորդների հարցերն ուղղված էին Մկոյին, քանի որ վերջինս, անկախ իր կամքից, շատերի աչքին հայտնվել էր Հայկոյի` վերամիավորման  ձեռքը մերժողի և հաշտության եզրեր  չփնտրողի կարգավիճակում: Հարցի իմաստը մեկն էր` ինչու՞ Մկոն Կարգին Հայկոյին դարձրեց Կարգին Մերժված, իսկ պատասխանը նույնքան անսպասելի էր, որքան որ Հայկոյի առաջին խոստովանությունն էր:

«Իսկ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, որ մերժել եմ»,-նշել է Մկոն Instagram-ի իր լուսանկարին կից ուղղված հարցադրումներին: Ապա դերասանը հավելել է. «Նման առաջարկ չի եղել: Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Շատ բաներ իրականության հետ կապ չունեն»: Իսկ  հետևորդներից մեկի դիտարկմանը, որ գուցե միայնակ հանդես գալն ավելի եկամտաբեր է, Մկոն արձագանքել է հետևյալ ձևով. «Եկամուտն ինձ համար կապ չունի: Մարդս մարդ լինի: Մնացածը երկրորդական է»:

Կրկին նույն բազմակետերը վերջակետի փոխարեն: Մկոն, մարդկանց հարցերին պատասխանելով, ավելի շատ հարցականներ առաջ բերեց, քանի որ հերքելով այն փաստը, որ ինքը մերժել է կրկին համագործակցելու առաջարկները, Հայկոյին անուղղակի ձևով ստախոս անվանեց, իսկ  միայնակ աշխատելու վերաբերյալ էլ տվեց շատ կանխատեսելի և ոչինչ չասող պատասխան` «Առանձին աշխատելու ժամանակը եկավ: Շատ անսպասելի էր, բայց եկավ: Այդպես ստացվեց: Կյանք է, ամեն ինչ լինում է: Բայց նման առաջարկ իրոք չի եղել)))) Ես կհիշեի հաստատ)))»:

Իսկ  գաղտնիքը բացելու խնդրանքները նույնպես չմերժեց, սակայն մեկնաբանելով` կրկին ոչինչ չասող մեկնաբանություն տվեց.

«Եթե ընկերոջդ կամ եղբորդ հետ ներքին թեմաներ առաջանային, համացանցում կխոսեի՞ր այդ մասին: Կարծում եմ, որ չէ: Ինչքան էլ ասելու բաներ շատ ունենայիր: Ամեն ինչ իր քննարկման տիրույթն ունի: Ես էդպես եմ մտածում: Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ»:

Ինչևէ, առանց այն էլ խճճված պատմությունն ավելի խճճվեց, միայն թե մնում է հուսալ, որ  աղմկահարույց  հայտարարություններ  անելուց  առաջ  Հայկոն և Մկոն կամ պատրաստ կլինեն մինչև վերջ  անկեղծանալ, կամ էլ այլևս ոչինչ չեն մեկնաբանի, որովհետև հակառակ դեպքում դժվար է լինում հասկանալ, ո՞վ է մերժվածը, իսկ ով է ստախոսը…

 

Հեղինակ` Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее