▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մտավորականներ, ո՞ւր եք․․․»

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջև է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն և միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության և արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները և ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով… Ավելին, իշխանությանց որոշ բարձր և խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի առջև՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է և շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը: Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել:
Իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր և խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար:
Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը…
Արթնացեք, ձայն հանեք, երևան եկեք և ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաև, առավել ևս նաև Ձեր անսկզբունքայնության և անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը…
Ողջախոհություն ունեցեք և օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին և Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее