▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մթագնած վիճակ էր, չարություն, վախ, ցասում կար. Ալլա Լևոնյան

Armlur.am-ը գրում է. Ապրիլյան պատերազմի օրերին թեեւ շատ արվեստագետներ պարզապես սիրտ չունեին ստեղծագործելու, սակայն նրանց մոտ խմորվում եւ հասունանում էին գաղափարներ, որոնք հետո պետք է կյանքի կոչվեին:

Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շուրջ 10-15 օր առաջ հեղինակել է նոր երգ` Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» ստեղծագործության հիման վրա.

«Հիմա տարվում են երգի գործիքավորման աշխատանքները: Պատերազմի օրերին երգելու էնտուզիազմ չկար, մթագնած վիճակ էր, չարություն, վախ, ցասում կար, որոնք չէին թողնում, որ երգը ծնվեր, թեեւ դրա գաղափարն արդեն ունեի: Հետո, երբ, այսպես ասած, սառում ես, երգն ինքն իրեն վերարտադրվում է»,-ասաց նա:

Ա. Լեւոնյանը մեզ տեղեկացրեց, որ ստեղծագործության հիման վրա կներկայացնի ոչ թե տեսահոլովակ, այլ ֆիլմաշար.

«Շատ մանրամասներ դեռ չեմ ուզում հայտնել, սակայն կասեմ, որ այն կլինի հաղթական, լուսավոր գործ: Լաց ու կոծ չի լինի: Այստեղ գլխավորը Շիրազի խոսքերը կլինեն, իսկ իմ երաժշտությունը կգունավորի դրանք»,-նշեց նա:

 Ա. Լեւոնյանը օրերս իր մասնակցությունն է ունեցել նաեւ մեկ այլ նախագծում: Հունիսի 27-ին կլրանա վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 40-ամյակը: Այս առիթով Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել է մի հաղորդում, որի շրջանակում իրենց հուշերով եւ սրտի խոսքով կկիսվեն ընկերները, այդ թվում` Զարուհի Բաբայանը, Արմինկան, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը եւ Ալլա Լեւոնյանը, ապա վերջիններս խմբով կկատարեն Վարդուհու երգերից մեկը: Մենք, ընդառաջ գնալով երկրպագուների պահանջներին, Ա. Լեւոնյանից հետաքրքրվեցինք նաեւ` երբ է նա պատրաստվում հանդես գալ նոր տեսահոլովակով.

«Միշտ էլ մտածում եմ այդ մասին, սակայն դրա համար հնարավորություն է պետք: Հատկապես երբ ես եմ գրում երգերս, ուզում եմ, որ դրանք անպայման ունենան տեսահոլովակներ»,-պատասխանեց նա: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее