Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Յուլյա Ֆինկը երեկ նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր կարեւոր ձեռքբերումների ու ամենասպասված երազանքների մասին պատմել է կայքին:
Դերասանուհուն առաջինը շնորհավորել է ամուսինը` «Բարի լույս հայեր» նախագծի հաղորդավար Արտյոմ Կարապետյանը.
«Երեկ օրս շատ բուռն է եղել ու այսօր էլ տոնական օրս դեռ շարունակվում է: Մինչ կեսգիշերն արդեն սկսեցի սոցիալական ցանցերում շնորհավորանքներ ստանալ, որոնք այնքան շատ են, որ մինչ այսօր ընթերցում եմ. Հավատացեք, մեծ երջանկություն է տեսնել, թե որքան սիրված ես: Դե իսկ ամուսինս ջանք չխնայեց օրս ուրախ անցկացնելու համար»,- պատմեց Յուլյան:
Խոսելով մինչ 33-ը ունեցած կորուստների ու ձեռքբերումների մասին` դերասանուհին նկատեց.
«Փառք Աստծո, լուրջ կորուստներ չեմ ունեցել եւ հուսամ չեմ էլ ունենա: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, դրանք իսկապես շատ են, ինչի համար եւս շատ ուրախ եմ: Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը ամուսինս է, ինչ վերաբերվում է մասնագիտությանը, այսօր ես զբաղվում եմ սիրելի գործով, վերջերս հնարավորություն ընձեռնվեց անգամ վաղեմի երազանքս իրականացնելու` խոսքս խոհարարական հաղորդում վարելու մասին է, քանի որ միշտ երազել եմ հենց նման հաղորդում ունենալ: Ապագայում կցանկանամ, որ այն ավելի ընդլայնվի»:
Յուլյա Ֆինկի երազանքները երկու մասից են բաղկացած.
«Առանց ավելորդ ձեւականությսւնների` ես շատ եմ մտահոգված մոլորակի բնակչության մասին, շատ եմ անհանգստանում բնության համար, ուստի կցանկանամ առաջին հերթին խաղաղություն մեր մոլորակին: Ինչ վերաբերում է իմ անձնային երազանքներին, այս պահին մտածում եմ փոքրիկ բուտիկ-ռեստորանի մասին: Լինելով գերմանուհի, մեծանալով Ղազախստանում, ապա ապրելով Հայաստանում, հասցրել եմ տարբեր ազգերի հետ շփվել, նաեւ ծանոթանալ նրանց խոհանոցներին: Ես սիրում եմ պատրաստել, շատ հետաքրքրված եմ արեւելյան խոհանոցով, այնպես որ կցանկանամ ունենալ մի վայր, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնել իմ խոհանոցը, որը տարբեր երանգներ ունի»,- պատմեց Յուլյա Ֆինկը:
Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում