Русское радио ռադիոկայանի ղեկավար Շուշանիկ Արեւշատյանն ահազանգում է. Երեւանի Մուրացանի անվան զինվորական հոսպիտալը ծայրահեղ վատ պայմաններում է: Այս մասին նա գրառել է իր ֆեյսբուքյան էջում ու հրապարակել լուսանկարներ` հորդորելով պատկան մարմիններին կարգի բերել միակ պետական զինհոսպիտալը:
«Հարգելի ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներ, փորձում եմ գտնել կոռեկտ բառեր, արտահայտություններ` ձեզ հասցնելու համար այն սարսափը, որ տիրում է Մուրացանի զինհոսպիտալում, որտեղ բուժում են ստանում մեր սահմանները պահպանող զինվորները:
Եթե նրանք արժանի են իրենց նկատմամբ նման վերաբերմունքի, ուրեմն երբեք չենք կարողանա մեր երկիրը ոտքի հանել; Այս ամենաթողության մեջ, երբ ձեր պատգամավորներն ու նախարարները ամբողջ բժշկական բիզնեսի սեփականատերերն են, ստանում են գերշահույթներ հասարակությունից, ձեր իսկ կողմից ստեղծված 1000 դրամների ֆոնդը, որը գրեթե 1 միլիոն դոլար է կազմում ամսական, ինչպես կարելի է աչք փակել այս ամենի վրա:
Թափ տվեք ում որ պետք է, կարգի բերեք Հայաստանի միակ պետական զինհոսպիտալը, այլապես ձեր բոլոր բարձրագոչ խոսքերը փառքի ու պատրիոտիզմի մասին կարժենան ճիշտ այնքան, ինչքան այս հաստատության մեռյալ պատերը»,-գրել է նա:





